Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Սարըբաբա բարձունքի շրջանում: Այդ մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների գործունեության մասին։
"Նշվում է իրավիճակի սրում զորակազմի պատասխանատվության գոտում։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սարըբաբա բարձունքի շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ", - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հերթական սրացումը սկսվել է օգոստոսի 1-ի առավոտյան։ Ադրբեջանական ստորաբաժանումները չեն դադարեցնում սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները: Հակառակորդի գործողությունների արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի երկու զինծառայող է զոհվել, 19 զինծառայող վիրավորվել է։ Հակառակորդը կիրառել է անօդաչու թռչող սարքեր և նռնականետեր: Նպատակը արցախցիներին Բերձորից դուրս մղելն է։