Արմինֆո.Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:
«ԱՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը։
Արցախահայությունը հաստատակամ է և վճռական՝ իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու մեջ», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետեւանքով զոհվել է երկու զինծառայող, եւս 14-ը՝ վիրավորվել են: