Արմինֆո. Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ հաղորդագրությունների առնչությամբ:
"ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ներկայիս ջանքերին, ինչը կնպաստի Հարավային Կովկասի կայունությանն ու բարգավաճմանը, որը ռազմավարական նշանակություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի համար", - նշել է Կոլոմինան:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ օգոստոսի 3-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը, կիրառելով նռնականետեր և անօդաչու թռչող սարքեր Արցախի ՊԲ դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում հայկական կողմն ունի երկու զոհ և 14 վիրավոր: