Արմինֆո. Առանց Արցախի Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ հարաբերություն չկա և չի կարող լինել։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
"Հանել Արցախը, Արցախի խնդիրը՝ հայ-ադրբեջանական խնդիրների ողջ սպեկտրի անկյունաքարը, հիմքը, և լուծել մնացած բոլոր խնդիրները՝ հնարավոր չէ։ Թեեւ, Բաքվում փորձում են, ընդ որում, բավականին ակտիվորեն, ստիպել Հայաստանին հաշտվել խնդրի սեփական տեսլականի հետ, ըստ որի, դրա արցախյան մասը վերջնականապես փակված է", - ընդգծել է նա։
Ալիևի դիրքորոշման էությունն, ակադեմիկոսի գնահատմամբ, այն է, որ վերջնականապես հանելով Արցախը հայ-ադրբեջանական օրակարգից, նա Երևանի հետ հարաբերությունները փոխակերպել է ուղիղ հարաբերությունների։ Եվ, դժբախտաբար, Հայաստանի ղեկավարությունում մշտապես աճում է այն անձանց թիվը, ովքեր պատրաստ են համակերպվել նման վիճակի հետ։
Մելքոնյանը նշել է, որ այդ քաղաքական գործիչները, որպես սեփական պարտվողականության հիմնավորում, փորձում են արդարանալ նոր պատերազմին Հայաստանի անպատրաստ չլինելով: Եվ, որպես հետևանք, բոլոր ուժերով առաջ են մղում նոր զիջումների գաղափարը, ինչը, նրանց կարծիքով, թույլ կտա խուսափել նոր պատերազմից։ Չկիսելով այդ դիրքորոշումը՝ ակադեմիկոսը կարծում է, որ Հայաստանի համար վաղուց ժամանակն է հրաժարվել դրանից, քանի որ դրան ուղեկցող հոգեբանությունը որևէ կերպ չի տանում խնդրի լուծմանը։
"Դրա վառ ապացույցը հենց նույն Ալիեւի հռետորաբանության ցինիզմի եւ լկտիության աստիճանի պարբերաբար բարձրացումն է. վիրավորանքների տարափ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության եւ, նույնիսկ, հայ ժողովրդի հասցեին։ Եվ որքան շատ զիջենք, այնքան այդ ցինիզմն ու լկտիությունը կմեծանա։ Այդ ամենը հին է ինչպես աշխարհը, այդ ամենը մենք արդեն անցել ենք, այս ամենը մեզ սովորեցնում է նաեւ սեփական պատմությունը։ Եվ արդեն ժամանակն է, որ մենք սկսենք սովորել գոնե սեփական սխալների վրա", - ամփոփել է ակադեմիկոսը։