Արմինֆո.Թուրքիայում հայ-թուրքական սահմանի ականազերծման աշխատանքներ են սկսվել։ Այդ մասին հաղորդում է թուրքական GazeteKars լրատվական կայքը։
Ըստ աղբյուրի, հայ-թուրքական սահմանի գոտում աշխատանքներ է իրականացնում իսրայելական ընկերությունը: Աշխատանքներն ընթանում են արդեն 20 օր՝ Աքյաքա և Կարս քաղաքների շրջանում։ "Օրակարգում ավտոճանապարհով եւ երկաթուղիներով "Դողուքափը" սահմանային անցման եւ ավտոմոբիլային ճանապարհով "Ալիջան" անցակետի բացումն է", - գրում է պարբերականը:
Ի դեպ, նույն աղբյուրը նշում է այս հարցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության բացակայությունը:
Ավելի վաղ Հայաստանն ու Թուրքիան նշանակել էին հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով իրենց հատուկ ներկայացուցիչներին ։ Հունվարի 14 - ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայիհատուկ ներկայացուցիչների' ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Նրանց երկրորդ հանդիպումը կայացել է փետրվարի 24 - ին Վիեննայում, իսկ երրորդը ՝ մայիսի 3-ին Վիեննայում։ Հուլիսի 1-ին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են հնարավորինս սեղմ ժամկետներում հայ-թուրքական ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար, որոնք այցելում են, համապատասխանաբար, Հայաստան եւ Թուրքիա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ ավիափոխադրումների իրականացման շուտափույթ մեկնարկի մասին, և որոշում է կայացվել անհրաժեշտ գործընթացներ սկսել այդ ուղղությամբ: