Արմինֆո. Նախընտրական նպատակներով, ձգտելով ամրապնդել սեփական դիրքերը՝ մինչեւ 2023 թվականին նախատեսվող ընտրությունները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը միանգամայն կարող է կրկին փորձել ապակայունացնել Հարավային Կովկասը։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա գնահատմամբ՝ ամենեւին պետք չէ բացառել արտաքին քաղաքական ասպարեզում թուրքական հերթական արկածախնդիր քայլերի հնարավորությունը՝ բնակչության ուշադրությունը սոցիալ-տնտեսական ծանր վիճակից շեղելու համար։ Ինչը Թուրքիային հնարավորություն է տալիս Ադրբեջանի օգնությամբ հերթական անգամ փորձել ապակայունացնել իրավիճակը Կովկասում՝ զուտ ներքաղաքական նպատակներով։
"Այստեղ հարկ է նշել, որ վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, կառավարող "Արդարություն եւ զարգացում" կուսակցությունն առաջին անգամ ընտրողների շրջանում իր ժողովրդականությամբ երկրորդ տեղում է հայտնվել՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում առաջին անգամ առաջին տեղը զիջելով քեմալականներին՝ Ժողովրդահանրապետական կուսակցությանը։ Սակայն, կան նաև այլ սոցհարցումներ, որոնց համաձայն, Էրդողանը դեռևս առավել ժողովրդականություն վայելող թուրք քաղաքական գործիչն է։ Եւ, ամենայն հավանականությամբ, թուրք եւ արտասահմանյան վերլուծաբանների կանխատեսումներով, կհաղթի երկրորդ փուլում", - նշել է նա:
Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայում լուրեր են շրջանառվում արդեն առաջիկա նոյեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու Էրդողանի մտադրությունների մասին։ Թեև, դեռ հունիսին Էրդողանը հերթական անգամ հայտարարեց, որ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ երկրում չեն լինի, և դրանք կանցկացվեն ժամանակին, այսինքն՝ 2023 թվականի հունիսին։ Էրդողանի ու նրա AKP-ի հիմնական, ավանդական ընդդիմախոսը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, պնդում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման միջոցով Թուրքիայի նախագահը ձգտում է առաջ անցնել իր նվազող վարկանիշից, ինչի մասին խոսում են վերջին սոցհարցումները։
Այսպես թե այնպես, սակայն, հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս սոցիալ-տնտեսական, ֆինանսական իրավիճակը, քաղաքացիների լայն դժգոհությունը, այդ ամենը, ըստ ակադեմիկոսի, չի կարող չանդրադառնալ Էրդողանի և AKP-ի վարկանիշի վրա։ Եվ վեց ընդդիմադիր կուսակցություններից կազմված կոալիցիայի առջեւ AKP-ի երերուն դիրքերի լույսի ներքո՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ իրական կանխատեսումներ անելը դեռ վաղ է։
"Ընդ որում, ես կարծում եմ, որ Էրդողանի նկատմամբ ԺՀԿ հաղթանակի դեպքում դա որոշ փոփոխությունների կհանգեցնի Հայաստանի նկատմամբ թուրքական քաղաքականության մեջ։ Քանի որ երկրի ողջ արտաքին քաղաքականությունը կդառնա ավելի կանխատեսելի և զգուշավոր, ինչպես նաև Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ ավելի համակարգվող։ Բայց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության և Հայաստանի նկատմամբ քաղաքականության արմատական փոփոխություններ ես չեմ ակնկալում»։