Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեծ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի հետ բանակցություններում վերջին ազդակների և արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում արված շեշտադրումները խոսում են ոչ այնքան նոր մոտալուտ պատերազմի, որքան Ադրբեջանին նոր զիջումների մտադրությունների մասին։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով բանակցությունների սեղանի շուրջ նստելու Երեւանի ցանկության բացակայության համար Բաքվի մեղադրանքները՝ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նման մեղադրանքներով ձգտում է լեգիտիմացնել հերթական պատերազմը: Մինչդեռ, ըստ նրա, Բաքուն ինքն է միտումնավոր ձգձգում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։
Հայաստանի վարչապետի նման հայտարարությունները քաղտեխնոլոգը մեկնաբանում է որպես Ադրբեջանին Հայաստանի արդեն նախապատրաստվող զիջումներն արդարացնելու ձգտում։ Ասել է թե ՝ այդպիսով Փաշինյանը հասկացնում է, որ տարածքային նոր զիջումների կամ Արցախի կարգավիճակի հարցում զիջումների միակ այլընտրանքը լինելու է նոր պատերազմը։
Իրականում, Հակոբյանի կարծիքով, մարտական գործողությունների վերսկսման վտանգ այս պահին չի դիտվում։ Իսկ չկարգավորված արցախյան հակամարտության պայմաններում նոր պատերազմի մշտական սպառնալիքի առկայությունը, Նրա կարծիքով, բնավ չի արդարացնում հայ հասարակությանը նոր զիջումների նախապատրաստելու Փաշինյանի մտադրությունը՝ դրա գործարկման միջոցով։ Չբացառելով լոկալ բախումների հնարավորությունը՝ քաղտեխնոլոգն, այնուամենայնիվ, նոր լայնամասշտաբ պատերազմի նախադրյալներ չի տեսնում։ Այդ թվում՝ Բաքվի ճնշմանը Երևանի լուրջ դիմադրության բացակայության պատճառով, որը կարող էր նման պատերազմի առիթ դառնալ։
"Մենք հասկանում ենք, որ ցանկացած պատերազմ երբեք չի սկսվում բացառապես դրա մասնակիցների ցանկությամբ։ Պատերազմները պայմանավորված են լինում մի շարք աշխարհաքաղաքական, միջազգային, տնտեսական գործոններով։ Ընդ որում, վերջիններս հաճախ, նույնիսկ, առչնություն չունեն հակամարտող կողմերի հետ։ Այս լույսի ներքո՝ հասկանալի է, որ Կովկասում հերթական պատերազմը պահանջում է ուժի տարբեր կենտրոնների կոնսենսուս, որը շարունակվող ուկրաինական հակամարտության պայմաններում այսօր լինել չի կարող", - նկատել է նա։
Ասել է թե՝ քաղտեխնոլոգի գնահատմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացիկ տեղապտույտը պայմանավորված է ոչ այնքան Երևանի հակազդեցությամբ, որքան գլոբալ կամ տարածաշրջանային խաղացողների դիրքորոշմամբ։ Այդ դիրքորոշումն, իր հերթին, պայմանավորված է Ուկրաինայում նրանց շահերի ընթացիկ առճակատմամբ, ինչը, նրա կարծիքով, չի կարող չազդել Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում նրանց դիրքորոշման վրա։