Արմինֆո. Հունիսի 19-ին Նիգավանում տեղի ունեցած արյունալի պարզաբանման ժամանակ սպանվածների հարազատներն ու մերձավորները պահանջում են պատժել մեղավորներին։ Հունիսի 25-ին նրանք հավաքվել Ոստիկանության քաղաքային բաժանմունքի մոտ՝ պահանջելով արդարություն։
Նրանք պնդում են, որ արյունալի միջադեպի հետ առնչություն ունեն իշխանական կառույցների ներկայացուցիչներ, մասնավորապես, Արագածոտնի փոխմարզպետի ազգական Էդգար Փարվանյանը եւ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբայրը: "Մեր հարազատների անունից խնդրում եմ մեր վարչապետին, որ նա հրամայի լուրջ քննություն անցկացնել, որպեսզի մենք բոլորս տեսնենք, թե ով և ինչպես է պատժվել",- ասել է սպանվածներից մեկի եղբայրը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրդապատճառը: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասվում է ՔԿ հաղորդագրությունում: