Արմինֆո.ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի թեկնածությունն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
"Դեսպանորդ-խորհրդականի աստիճանով դիվանագիտական ծառայության աշխատակից Քրիստինա Ա. Քվինն աշխատում է Կիեւում ԱՄՆ դեսպանատանը՝ որպես առաքելության ղեկավարի տեղակալ ։ Նախկինում՝ 2020-2022 թվականներին, նա եղել է ժամանակավոր հավատարմատար։ Մինչ այդ Քվինը զբաղեցրել է Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով դեսպանորդ-խորհրդականի եւ Թաիլանդում ԱՄՆ դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները", - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաեւ, որ ինչպես Փարիզում, այնպես էլ Բանգկոկում նա կատարել է դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պարտականությունները: Քվինը նաեւ աշխատել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատանը՝ որպես տնտեսական խորհրդական:
Քվինն աշխատել է Վաշինգտոնի Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես ԵՄ-ի, Ուկրաինայի եւ Բելառուսի գործերի տնօրեն: Մյուս արտասահմանյան նշանակումները ներառում են ԱՄՆ դեսպանատունը Մոսկվայում, ԱՄՆ առաքելությունը Բրյուսելում; ԱՄՆ դեսպանատունը Մանիլայում:
Քրիստինա Քվինը ծնվել է Կալիֆորնիայում, ստացել է բակալավրի աստիճան Արեւմտյան քոլեջում եւ մագիստրոսի աստիճան ԱՄՆ բանակի ռազմական քոլեջում: Նա Պետդեպարտամենտի բազմաթիվ մրցանակների դափնեկիր է՝ ակնառու նվաճումների համար, եւ տիրապետում է ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներին:
Հիշեցնենք, որ Լին Թրեյսին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը գլխավորել է 2019 թվականին: Նա երևան է ժամանել 2019 թվականի փետրվարի 27-ին։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Ռիչարդ Միլսին։
Հիշեցնենք նաև, որ հունիսի սկզբին հայկական ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկատվություն այն մասին, որ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ Ալան Փերսելը կլինի ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանը: