Արմինֆո.Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ադրբեջանական կայքերի/տելեգրամյան ալիքների աշխատանքն ավելին է, քան հակառուսական քարոզչությունը։ Նման կարծիք է հայտնել "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Արցախի նախագահի պաշտպանության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Հատկապես եթե հաշվի ես առնում այդ հարթակների պատկանելությունը կամ ուղիղ ենթակայությունը պետական տարբեր կառույցներին կամ իշխանական էլիտայի ներկայացուցիչներին, պատկերն առավել հստակ է դառնում։ Ռուս զինծառայողների նկատմամբ ատելությունը, զոհված/վիրավոր/գերեվարված ծառայողների նկատմամբ սարկազմը, ցինիզմը, վիրավորական ձևակերպումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ներսում ռուսների նկատմամբ մեծ չափաբաժիներով թշնամություն է գեներացվում։
Հասկանալի է, որ ռուսական կողմն այս ամենը ֆիքսվում է, բայց դեռ պարզ չի, թե երբ գործի կդրվի ռուսական հակազդման միջոցները։ Դեռ պետք է հասկանալ, վերլուծել, թե ռուս-ուկրաինական ճգնաժամից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա ինչպիսի ազդեցություն կունենա այս ու մնացած երևույթները։ Սա ՀՀ-ի համար կարևոր է ոչ միայն ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները հաշվի առնելով, այլ ՌԴ առանցքային դերը ՀՀ-Ադրբեջան և Արցախի հարցով տարվող գործընթացներում։
Համենայնդեպս ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում», - գրել է պատգամավորը «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության եւ ադրբեջանական ԶԼՄ-ների վառ արտահայտված հակառուսական հռետորաբանության ֆոնին "Ռոսկոմնադզորը" Ռուսաստանում արգելափակել է Ադրբեջանի մի շարք ԶԼՄ-ներ: Իսկ օրերս Ադրբեջանի տարածքում ավելի քան մեկ շաբաթ արգելափակվել էր "ՌԻԱ Նովոստի" - ն ՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի, որը հրապարակվել էր այդ մեդիառեսուրսում ։ Ռուսական պետական գործակալության կայքը ապաարգելափակվել էր միայն այն բանից հետո, երբ Բեգլարյանի հետ հարցազրույցը հեռացվել էր։ Նշենք, որ անցած շաբաթվա վերջին նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխանությունները չեն երկարաձգել երկրում Սպուտնիկ-Ադրբեջանի գլխավոր խմբագրի աշխատանքի պայմանագիրը: