Արմինֆո. Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը Հայաստանում հանդիպել է կառավարության ներկայացուցիչների և ժողովրդավարության, ազատ խոսքի ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց հետ։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակի համատեքստում փոխպետքարտուղարի տեղակալ ՄաքԴոնալդն ընդգծեց ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու օգնել հայ ժողովրդին կերտել այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են», - նշված է հաղորդագրությունում։
Ընդ որում, դիվանագիտական ներկայացուցչության հրապարակած Քարա Մակդոնալդի երևանյան հանդիպումների լուսանկարներից պարզ է, որ նա հանդիպում է ունեցել Արդարադատության նախարարությունում, ՀՀ ԱԳՆ-ում, հանդիպել է արևմտամետ կողմնորոշում ունեցող մի շարք քաղաքական ուժերի (Արամ Սարգսյան, Մանե Թանդիլյան, Տիգրան Խզմալյան, Լևոն Զուրաբյան), ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ նախօրեին երեկոյան ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, ըստ "Հայաստան" ընդդիմադիր դաշինքի հաղորդագրության, հանդիպել է "Պատիվ ունեմ" եւ "Հայաստան" խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Արամ Վարդանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը եւ Թագուհի Թովմասյանը:
Ուշագրավ է, որ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության համաձայն, նախօրեին Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր և ինտերսեքս (ԼԳԲՏՔԻ+) անձանց Փրայդ ամսվա առիթով կազմակերպված ընդունելությանը դեսպան Թրեյսիի հետ մեկտեղ մասնակցել է Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը։ Միջոցառման լուսանկարների համաձայն, ընդունելությանը ներկա են եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լուիոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը, Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը: