Արմինֆո. Այս տարի երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի սիրված ավանդական "Yerevan Wine Days" փառատոնն անցկացվեց հունիսի 3-5-ը, ներկայացված էին հայրենական 37 արտադրողների ավելի քան 200 տեսակի գինիներ:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչները, որոնք ներկայացնում են EventToura ընկերությունը, պատմել են, որ ինչպես մեկ տարի առաջ, փառատոնի աշխարհագրությունն ընդգրկել է իր գինու ավանդույթներով հայտնի բոլոր մարզերը: Մասնավորապես, տաղավարներում ներկայացված էին Արենիի (Վայոց ձորի մարզ), Պռոշյանի (Կոտայքի մարզ), Բամբակաշատի (Արմավիրի մարզ), Իջեւանի (Տավուշի մարզ), Արարատի մարզի, Արցախի եւ այլ գինիներ:
Նշվել է, որ երիտասարդ գինեգործները, ովքեր առաջին անգամ են մասնակցել փառատոնին, առանձնակի պատասխանատվությամբ են մոտեցել միջոցառմանը: Նախքան մասնակցությունը, EventToura թիմը նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել նորեկների հետ ՝ ցուցաբերելով ինչպես խորհրդատվական, այնպես էլ գործնական օգնություն։ Այս տարի նրանց թիվը հասել է 10-ի՝ ինչպես եւ մեկ տարի առաջ։
Հարցին, թե փառատոնի շրջանակներում քանի լիտր գինի է հաջողվել իրացնել, կազմակերպիչները հաղորդել են, որ մասնակիցների հետ քննարկումների արդյունքում կարելի է փաստել, որ վերջիններս գոհ են մնացել արդյունքներից՝ գինու տոնին իրացնելով սպասվածից ավելի մեծ ծավալներ: Շատ բիզնեսների համար Yerevan Wine Days-ը, EventToura-ի ներկայացուցիչների խոսքով, համարվում է լավագույն մարքեթինգային գործիքը:
Ընդհանուր առմամբ, այս տարի փառատոնի այցելուների թիվը հասել է 60 հազարի, իսկ ամենօրյա կտրվածքով նրանց թիվը հասել է 25 հազարի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում փառատոնի համահիմնադիր Մերի Բադալյանը հաղորդել էր, որ անցյալ տարի Yerevan Wine Days փառատոն այցելել է շուրջ 35 հազար մարդ:
Նշենք, որ Yerevan Wine Days փառատոնը Հայաստանում անցկացվում է ամեն տարի,՝ սկսած 2017 թվականից՝ Երևանի կենտրոնական մի քանի փողոցներում. Սարյան, Մոսկովյան և Թումանյան ։ Միջոցառման նպատակը էնոտուրիզմի զարգացումն է