Արմինֆո.Կասկածից վեր է, որ Բաքուն Անկարայի աջակցությամբ կփորձի դե յուրե արձանագրել Արցախի նկատմամբ սեփական ագրեսիայի արդյունքները։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
"Խոսքը 44-օրյա ագրեսիայի արդյունքում բռնազավթված Արցախի տարածքի, ինչպես նաև Արցախի վերջնական կարգավիճակի մասին է։ Կարծում եմ, որ միջազգային տարբեր հարթակներում մեկնարկած Արցախի վերջնական կարգավիճակի քննարկման լույսի ներքո այդ հարցը լուծել մեկ հարվածով՝ սեփական պատկերացումներին համապատասխան, Ադրբեջանի համար հնարավոր չի լինի՝ չնայած դրան հասնելու Բաքվի ողջ ցանկությանը", - նշել է նա։
Գնահատելով Արցախի հայկական մնացած մասը զավթելու, այն հայաթափելու, փաստորեն, այնտեղ հերթական ցեղասպանությունն իրականացնելու Ադրբեջանի ձգտումը, ակադեմիկոսն ընդգծել է, որ մոտ ապագայում Ալիևին չի հաջողվի իրականացնել իր մտածածը։ Այդ թվում՝ նկատի ունենալով ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը, ինչպես նաև Արցախի ապագա կարգավիճակի հստակեցման հնարավորության միջազգային քննարկումը։ Նրա գնահատմամբ ՝ այդ ամենը կխանգարի Ադրբեջանին մեկ հարվածով հասնել մտածածին, ինչն Ալիևին կդրդի փորձել դա անել աստիճանաբար։
Թուրքիան, իր հերթին, ըստ թուրքագետի, փորձելու է օգտագործել սեփական ազդեցությունն ու մասնակցությունը այնպիսի միջազգային ձևաչափերում, ինչպիսիք են "2+3"-ը, այդ թվում ՝ Բաքվի շահերի շրջանակներում արցախյան հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանին աջակցելու նպատակով: Ընդ որում, 1991թվից ի վեր Անկարայի հիմնական եւ անփոփոխ նպատակը Հարավային Կովկասում, նրա կարծիքով, ողջ տարածաշրջանի ներգրավումն է սեփական ազդեցության գոտում:
"Պետք է նշեմ, որ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը Թուրքիայի առջև նոր, բարենպաստ հանգամանքներ և հնարավորություններ բացեց այդ վաղեմի նպատակին հասնելու համար։ Այն է ՝ ավելի ինտենսիվ և ագրեսիվ ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի միջոցով՝ իր նպատակները իրականություն դարձնելու համար։ Այս բոլոր էքսպանսիոնիստական մտադրությունները Անկարան քողարկում է խաղաղության, համագործակցության եւ հակամարտությունները կարգավորելու ձգտման մասին խոսակցություններով։ Այդպիսին է թուրքական աշխարհաքաղաքականությունը, այդպիսին են նրա իրական նպատակները", - ամփոփել է ակադեմիկոսը։