Արմինֆո.Չի կարելի բացառել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը կարող են պահանջված լինել Ուկրաինայի ազատագրված տարածքներում եւ Դոնբասի հանրապետություններում: Ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը:
Երեւանում ընթանում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որը վարում է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:
"Մենք դժվար թե համաձայնենք, որ ՆԱՏՕ-ի ինչ-որ երկրներ խաղաղապահների անվան տակ կփորձեն խցկվել այնտեղ", - հավելել է Պետդումային պատգամավորը, ընդգծելով, որ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը պահանջված է։ Նա օրինակ է բերել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից առաջադրանքների կատարումը, ինչպես նաեւ հիշեցրել է Ղազախստանում հունվարյան իրադարձությունների ժամանակ խաղաղապահների ներգրավման մասին:
Խոսելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունն ապահովելու համար միասնական իրավական տարածքի մասին' Կարտապոլովը հավելել է, որ խորհրդարանականներն աշխատում են հատուկ մոդալ օրենքների վրա: "Դրանք օրենքներ են, որոնք շատ նման են եւ թույլ են տալիս դրանց իրավակիրառումը բոլոր պետությունների (ՀԱՊԿ անդամ - խմբ.) տարածքներում՝ բոլորի համար հավասար հետեւանքներով", - ամփոփել է ՌԴ Պետդումայի կոմիտեի ղեկավարը:
ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, ՌԴ գործողության գլխավոր նպատակը Դոնբասի ազատագրումն է: Հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները հաղորդել են Ուկրաինայի հարավում Խերսոնի մարզի ու Զապորոժիեի մարզի մերձազովյան մասի նկատմամբ վերահսկողության մասին: Շրջաններում ձեւավորվել են ռազմաքաղաքացիական վարչակազմեր, սկսվել է ռուսական հեռուստաալիքների եւ ռադիոկայանների հեռարձակումը, ընթանում է Ղրիմի հետ առեւտրային կապերի վերականգնում: Ազատագրված մարզերը հայտարարել են ՌԴ սուբյեկտներ դառնալու ծրագրերի մասին։