Արմինֆո.Իրական քաղաքական գործընթացները վաղուց ընթանում են ոչ թե Հայաստանի խորհրդարանում, այլ՝ Ֆրանսիայի հրապարակում։
Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, մեկնաբանելով հունիսի 3-ին ընդդիմության նախաձեռնած խորհրդարանի արտահերթ նիստի անցկացման նպատակահարմարությունը, նկատի ունենալով, որ կառավարող խորհրդարանական մեծամասնությունն արդեն հայտարարել է, որ չի մասնակցելու դրա աշխատանքներին։
"Եթե մենք մեր գործողություններում առաջնորդվեինք "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ցանկություններով ու օրակարգով, ապա Հայաստանի մեծ մասը վաղուց արդեն չէր լինի։ Մենք գործում ենք մեր հայանպաստ օրակարգին համապատասխան, որն ուղղված է հայկական պետության գոյության ապահովմանը", - ասել է ընդդիմադիրը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ը հունիսի 3-ին արտահերթ նիստ կգումարի "Հայաստան" եւ "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցությունների պահանջով: Օրակարգում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության քննարկումն ու ընդունումն է։
Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու հունիսի 3-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստին: ՔՊ-ում հայտարարել են, որ չեն ենթարկվի քաղաքական շանտաժի եւ չեն մասնակցի արտահերթ նիստին, սակայն շարունակելու են պաշտպանել Արցախի եւ նրա բնակչության իրավունքները բոլոր մակարդակներում եւ հարթակներում: