Արմինֆո. ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող դիմադրության շարժման կողմնակիցները փակել են Երեւան-Սեւան մայրուղին՝ Չարենցավան քաղաքի շրջանում:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության մեծ ուժեր, որոնք փորձել են վերականգնել երթևեկությունը՝ բիրտ ուժ կիրառելով անհնազանդության ակցիայի խաղաղ մասնակիցների նկատմամբ։
Նշենք, որ դիմադրության շարժման համակարգող, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ի երեկոյան կայացած հանրահավաքում հաղորդել էր, որ մայիսի 27-ին շարժումը շարունակելու է անհնազանդության ակցիաները, այդ թվում նաեւ մարզերում: «Մայիսի 27-ին հանրահավաք չի լինելու։ Մայիսի 28-ին ՝ ժամը 18:00-ին, տեղի կունենա համահանրապետական հանրահավաք: Ժամը 16:00-ին տեղի կունենա մեծ ավտոերթ Սարդարապատից մինչև Ֆրանսիայի հրապարակ: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ ։ Զուգահեռաբար Ստեփանակերտում նույնպես հանրահավաք է տեղի ունենալու ։ Մայիսի 28-ը խորհրդանշական օր է մեր ժողովրդի և պետության համար ։ Իրավիճակը ճակատագրական է ։ Դուրս եկեք փողոց, միավորվենք ու դուրս հանենք նրանց», - նշել է ընդդիմադիրը։
Նա նաեւ նշել է, որ կամ իշխանությունները հունիսի 3-ին կմասնակցեն խորհրդարանի արտահերթ նիստին եւ կհիմնավորեն, որ Արցախը պետք է անցնի Ադրբեջանի կազմի մեջ, կամ կստորագրեն ընդդիմության հայտարարությունը: