Արմինֆո.Չնայած ուկրաինական գործերում ընթացիկ ներգրավվածությանը՝ Ռուսաստանը, անկասկած, չի պատրաստվում Հարավային Կովկասում սեփական դիրքերը հեշտությամբ զիջել Արևմուտքին և չի զիջի։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել փորձագետ-միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
"Նույնիսկ, Մոսկվայի հնարավոր մարտավարական նահանջը բնավ չի նշանակում նրա վերջնական հեռացում տարածաշրջանից։ Կարծում եմ, որ դա շատ լավ հասկանում են նաև Արևմուտքում։ Բրյուսելում և Վաշինգտոնում գիտակցում են, որ Մոսկվայի զիջումներն այսօր՝ որպես իրենց համախմբված ճնշման արդյունք, ուղեկցվելու են կովկասյան գործերում ներգրավվածության ավելացման փորձերով՝ արդեն վաղը", - կանխատեսում է փորձագետը։
Բրյուսելում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացների ակտիվացումը, ըստ Սարգսյանի, տեղի է ունենում Վաշինգտոնի գործուն աջակցության պայմաններում։ Իսկ Բրյուսելը, ըստ էության, Մինսկի գործընթացը շրջանցելու գործընթաց է, ինչը պայմանավորված է նրա ընթացիկ անգործունակությամբ։ Դրա գլխավոր պատճառը, մի կողմից, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև կոնսենսուսի բացակայությունն է եւ, մյուս կողմից՝ ՌԴ հետ։ Վերջինս, նրա կարծիքով, առաջացնում է բանակցային նոր ձեւաչափի ստեղծման միջոցով ՌԴ-ին բանակցություններից դուրս մղելու, այլ ոչ թե ՌԴ-ին գոյություն ունեցող ձեւաչափից դուրս մղելու անհրաժեշտություն։
Վերը նշված աշխարհաքաղաքական գործընթացները, փորձագետի գնահատմամբ, զարմանալի արագությամբ են ծավալվում։ Ինչով, նրա գնահատմամբ, շահագրգռված են դրանց անմիջական մասնակիցներից շատերը։ Առաջին հերթին՝ դա են պահանջում Բաքվի շահերը։ Իսկ հավաքական Արևմուտքը ձգտում է հնարավորինս արագ չեզոքացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում ՝ դրա համար օգտագործելով դեռևս առկա հնարավորությունները։ Մասնավորապես՝ Ուկրաինան։
"Այդպիսին է Բրյուսելի և Վաշինգտոնի ռազմավարությունը, որի միջոցով նրանք փորձում են, եթե Ռուսաստանին վերջնականապես դուրս չմղել Հարավային Կովկասից, ապա, գոնե, չեզոքացնել նրա ներկայությունը՝ օգտագործելով Մոսկվայի ներգրավվածությունը ուկրաինական գործերում։ Եվ ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանն այս ամենում նույնպես շտապում է։ Ողջ հարցն այն է, թե արդյոք Երևանը շտապում է ինքնուրույն, թե՝ հարկադրաբար։ Եվ, հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ լուրջ ճնշումը, գործնականում, բոլոր խաղացողների կողմից, ես ամենեւին հակված չեմ բացառելու երկրորդ տարբերակը", - ամփոփել է միջազգայնագետը։