Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի "Հայաստան" եւ "Պատիվ ունեմ" ընդդիմադիր խմբակցությունները խորհրդարանի նիստ են նախաձեռնել՝ իրենց օրակարգով: Այդ մասին մայիսի 25-ի հանրահավաքի ժամանակ հաղորդել է դիմադրության շարժման համակարգող, "Հայաստան" ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ։
Նա նշել է, որ իրենց պահանջը մեկն է, որպեսզի խորհրդարանը հանդես գա Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ հայտարարությամբ։ «Եթե Ալիևից չեք վախենում, եկեք այդ նիստին ու ստորագրեք այդ հայտարարության տակ: Սրանք մեր "կարմիր գծերն են"։ Սրանք նվազագույն պահանջներ են, բայց Հայաստանի իշխանություններն այդքան համարձակություն չունեն։ Մենք սպասում ենք այս կարեւոր նիստի անցկացմանը հաջորդ շաբաթ", - ասել է Սաղաթելյանը ։
Այնուհետև դաշնակցականը ընթերցել է հայտարարության տեքստը, որը ընդդիմության կողմից կառաջարկվի խորհրդարանին՝ բացառելով դրա բովանդակության ցանկացած փոփոխություն։
«Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրությունը , Լեռնային Ղարաբաղի հանրապետության, Արցախի ժողովրդի 1991 թ․-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները, հայտարարում ենք․
1․ ՀՀ -ն աջակցելու է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և ԼՂՀ միջազգային ճանաչմանը։ ՀՀ համար անընդունելի է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
2․ Պետք է ապահովել հուսալի ցամաքային կապ և Արցախի հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։
3․ ՀՀ -ն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է ՝ բոլոր բաղադրիչներով։
4․ ՀՀ-ի հետ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման , հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձ և ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրս բերման նախապայմանով։
5․ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման արդյունքում բացառվում է ՀՀ տարածքային ամբողջականության խաթարումը։
6․ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ-ն բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր, մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։
7․ Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ «միջանցքային» տրամաբանությամբ»։