Արմինֆո.Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար ռուս փորձագետների թիմ է ձևավորվել։ Այդ մասին մայիսի 25-ին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքներին ։ Դա, ի դեպ, արձանագրվել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ՝ Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26 - ի հանդիպման ժամանակ արված եռակողմ հայտարարության մեջ եւ բազմիցս հաստատվել է բոլոր շփումների ընթացքում", - նշել Է Զախարովան։
Դրա հետ մեկտեղ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը եզակի փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման եւ սահմանային վեճերի կարգավորման ոլորտում: "Մեր տրամադրության տակ կան, անշուշտ, անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, և ուրախ կլինենք կիսվել մեր փորձով և մշակումներով հայ և ադրբեջանցի ընկերների հետ՝ հանձնաժողովի գործունեության շրջանակներում", - ամփոփել է Զախարովան:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր լրագրողներին հաղորդել է, որ սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ հաջորդ շաբաթ:
Մհեր Գրիգորյանի գրասենյակում էլ հույս են հայտնել, որ նման հանդիպում տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում: Գրասենյակում նշել են, որ ամսաթիվը դեռ որոշված չէ ։