Արմինֆո.Մայիսի 22-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ որևէ փաստաթղթի ստորագրում չի սպասվում: Այդ մասին "Արմենպրես" -ին հաղորդել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նաեւ անդրադարձել է այն քննադատությանը, որ նիստի օրակարգը գաղտնի է։ "Սա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետեւ Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում", - ասել է Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Բրյուսելում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, որովհետեւ, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ, եւ բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: "Նույնը կարելի է ասել նաեւ մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որեւէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն", - նշել է ԱԽ քարտուղարը: