Արմինֆո.ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հանդես է եկել մեկնաբանությամբ Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ:
«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար», - հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին մեղադրել է սահմանազատման աշխատանքային խմբի համաձայնեցված հանդիպումը տապալելու մեջ: "Ադրբեջանը ժամանակին աշխատանքային խումբ է ստեղծել և պատրաստ է եղել պատվիրակություն գործուղել ։ Դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ ։ Ի դեպ, սահմանի վերաբերյալ առաջին հանդիպման անցկացումն առաջարկել է Հայաստանի ԱԳՆ-ը։ Ադրբեջանն ընդունել է այդ առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին պահին՝ ապրիլի 29 - ին, Հայաստանը չեղարկել է համաձայնեցված հանդիպումը ։ Դա հիասթափեցնող հարց է", - ասել Է Ալիեւը, հավելելով, որ Հայաստանը հրաժարվել է նաեւ մայիսի 7-11-ին Ադրբեջանի առաջարկած հանդիպման նոր ամսաթվից։