Արմինֆո.ՌԴ-ի աշխարհաքաղաքական օբյեկտիվ թուլացումը և այդ գործընթացի հետևանքով Հարավային Կովկասում ձևավորվող վակուումը, անկասկած, կփորձեն լրացնել ուժի այլ կենտրոններ։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
Աշխարհաքաղաքական այս իրողությունները, նրա կարծիքով, այսօր Երևանի առջև խնդիր են դնում որոշելու այն ուժերը, որոնք ունակ են զսպել Թուրքիայի հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ՝ վերը նշված պայմաններում, ՌԴ-ի օբյեկտիվ թուլացման և, առնվազն, առաջիկա տարիներին նման մակարդակի խնդիրներ լուծելու Հայաստանի ԶՈՒ անկարողության պայմաններում։
Այս լույսի ներքո՝ փորձագետը ենթադրել է, որ, նույնիսկ, եթե Մոսկվան հանկարծ լուծի այդ խնդիրը, ապա այդ ճանապարհին անխուսափելիորեն կկանգնի Անկարայի հետ նրա ռազմավարական դաշինքը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ուկրաինական պատերազմից հետո ՌԴ-ն կարող է, պարզապես, ի վիճակի չլինել դա անել։ Եվ ահա այստեղ հարց է առաջանում, թե ով կարող է փոխարինել ՌԴ-ին ՝ որպես թուրքական վտանգը զսպող գործոն։ Հարցը, որով հայկական քաղաքականությունն ու դիվանագիտությունը, կարծում է փորձագետը, չեն զբաղվում։
Ավելին, Արզումանյանի կարծիքով, Հայաստանի գործող իշխանության նկատմամբ վստահության բացակայությունը, ընդհանուր առմամբ, ոչ մի հնարավորություն չի թողնում վստահել նրա կողմից ստորագրվող փաստաթղթերին։ Առավել ևս, հաշվի առնելով, որ այդ փաստաթղթերը, որպես կանոն, համալրվում են բանավոր համաձայնություններով, որոնց մասին ոչինչ հայտնի չէ՝ ոչ միայն հասարակությանը, այլև, ընդհանրապես, փորձագիտական-վերլուծական հանրությանը։
"Եվ ահա այս իրավիճակում, երբ Արցախը շարունակում է մնալ օկուպացված, խորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքար է ծավալել իշխանության համար։ Պայքարը, որում չկա ոչ միայն ռազմավարություն և քաղաքականություն, այլև իրական մտահոգություն հենց այդ Արցախի ապագայի համար։ Այդ մարդիկ կորցրել են իշխանությունը և հիմա, պարզապես, փորձում են այն վերադարձնել։ Եվ սա է ամենը: Մինչդեռ, ստեղծված իրավիճակում բոլոր քաղաքական ուժերի ամենաառաջին խնդիրը երկրի վերականգնումն է 44-օրյա աղետից հետո։ Առաջին հերթին՝ բանակի վերականգնումը, պաշտպանության եւ անվտանգության սկզբունքորեն նոր համակարգի ստեղծումը", - ամփոփել է Արզումանյանը։