Արմինֆո.Հայաստանն իրավական հիմնավորումներ ունի Ադրբեջանում եղած անկլավների վերաբերյալ, մինչդեռ, Ադրբեջանը որևէ հաստատում չի ներկայացրել։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Այդ առումով նա նշել է, թե Հայաստանն ակնկալում է, որ Ադրբեջանը հիմնավորումներ կներկայացնի անկլավների առկայության մասին, քանի որ այդ հարցը նրանց կողմից բարձրացվել է։
Անդրադառնալով սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի նիստին՝ Գրիգորյանը հաղորդել է, որ այն չի կայացել տեխնիկական պատճառներով։ Այդ առնչությամբ ԱԽ քարտուղարը հույս է հայտնել, որ առաջիկայում կհաջողվի վերացնել առաջացած տեխնիկական խնդիրները, և հանդիպումն, այնուամենայնիվ, տեղի կունենա: Նրա խոսքով, տեխնիկական հարցերը վերաբերում են ընդհանուր օրակարգին, որը ձեւավորվել է Սոչիի (2021թ. նոոոոյեմբերի 26) եւ Բրյուսելի (ս.թ. ապրիլի 6) հանդիպումներում: "Մենք ակնկալում ենք, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը պետք է ընթանա այդ երկու հայտարարությունների տրամաբանության շրջանակում, եւ լուծումը կգտնվի այդ տրամաբանության շրջանակներում", - ասել է նա:
Նշենք, որ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Հայաստանի Տավուշի եւ Արարատի մարզերի 8 գյուղերի նկատմամբ։