Արմինֆո. Հայաստանը խաղաղության պայմանագրի կնքման համար ադրբեջանական կողմի առաջարկած 5 կետերին պատասխանել է 6 կետով։ Այդ մասին հաղորդել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում։
Մասնավորապես, նա պատմել է, որ առաջին կետում նշված է, որ Հայաստանը պատասխանում է փետրվարի 21-ին թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին, այսինքն ՝ 20 օր անց: Երկրորդ կետում ասվում է, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ։ Այստեղ նշված է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ԱՊՀ ստեղծման մասին 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրով, և այն վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին: "Այսինքն՝ ստորագրման պահին կողմերը փոխադարձաբար ճանաչել են միմյանց՝ մտնելով այդ կառույցի մեջ", - ասել է Մարուքյանը։
Երրորդ կետը, նրա ասելով, հայկական կողմի համար հիմնարար է, քանի որ վերաբերում է արցախահայության անվտանգության երաշխիքի ապահովմանը, նրանց իրավունքների և ազատությունների պահպանմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանմանը: Չորրորդ կետում նշված է, որ հայկական կողմը կարեւորում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ադրբեջանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունների կատարումը: "Խոսքը ռազմագերիների վերադարձի մասին է, որը դեռ չի կատարվել", - նշել է հատուկ հանձնարարությունների դեսպանը: Հինգերորդ կետում ասվում է խաղաղության համաձայնագրի կնքման, հարաբերությունների կարգավորման եւ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցություններ սկսելու հայկական կողմի պատրաստակամության մասին: Եզրափակիչ դրությունում նշված է, որ հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՝ համապատասխան բանակցություններ կազմակերպելու համար։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակած 5 կետերում խոսքը հետեւյալ առաջարկների մասին է: "Պետությունների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անխախտելիության եւ քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում; պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայության փոխադարձ հաստատում եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության ընդունում; ձեռնպահ մնալ միջազգային հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիքից, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող այլ հանգամանքներից; պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում; տրանսպորտային կապի եւ հաղորդակցությունների բացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համապատասխան հաղորդակցությունների եւ համագործակցության հաստատում":