Արմինֆո. Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությունը ոչ մի իրավական հիմնավորում չունի։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Այս առնչությամբ նա ընդգծել է, որ մինչ այժմ Հայաստանին չի ներկայացվել անկլավների վերաբերյալ որեւէ իրավական փաստաթուղթ, եղել են միայն խոսակցություններ, բամբասանքներ, հայտարարություններ, ներքաղաքական շահարկումներ, եւ հրապարակվել են տարբեր քարտեզներ: "Բայց կա մի կարևոր հանգամանք. այս կամ այն կողմի հրապարակած ոչ մի քարտեզ չի կարող համարվել իրավական հիմնավորում։ Քանի որ ցանկացած քարտեզի հիմքում պետք է լինի իրավական փաստաթուղթ՝ թե ինչպես է այն կազմվել: Չէ որ՝ մենք էլ կարող ենք հրապարակել Հայաստանի քարտեզը, ասելով, որ ամեն ինչ հենց այդպես է եղել", - նշել է դեսպանը։
Երբ կսկսվի սահմանների սահմանազատման և սահմանագծման շրջանակներում բանակցությունների գործընթացը, կողմերը, ըստ Մարուքյանի, միմյանց պետք է ներկայացնեն իրենց պահանջի իրավական կողմը ։ "Եթե դա չկա, ապա չկա նաեւ պահանջ", - ընդգծել է նա:
Հատուկ հանձնարարություններով դեսպանը նաեւ հաղորդել է, որ հայկական կողմը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալի հայտարարությանը, նշելով, որ Հայաստանում չկան փաստաթղթեր, որոնք հաստատում են ադրբեջանական անկլավների առկայությունն իր տարածքում: Մինչդեռ, նա նշել է, որ կան իրավական հիմնավորումներ, որոնք հաստատում են, որ Ադրբեջանի տարածքում կան անկլավներ։
"Բայց հիմա կսկսվեն բանակցությունները, և յուրաքանչյուրը կներկայացնի այդ հարցի վերաբերյալ եղած փաստաթղթերը։ Եթե մինչ այդ ներկայացված չեն եղել, չեմ կարծում, որ կհայտնվեն ինչ-որ հիմնավորումներ։ Իսկ եթե ներկայացնեն՝ կքննարկենք։ Այս գործընթացը նրա համար է, որպեսզի հասկանանք կողմերի պահանջները և՝ թե ինչպես են հստակեցվելու սահմանները։ Մենք գիտենք մեկ բան. հենց հիմա ՝Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվում են ադրբեջանական զորքեր, որոնք պետք է լքեն այն։ Դա Հայաստանի Հանրապետության միանշանակ պահանջն էր, և այն մնում է ուժի մեջ", - ասել է նա ։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, թե Ադրբեջանին անկլավների՝ 8 գյուղերի (Տավուշի եւ Արարատի մարզերում) վերադարձման հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանների սահմանազատման համատեքստում: