Արմինֆո.ԵԱՀԿ-ն Մինսկի խումբը դիտարկում է որպես պատշաճ մարմին եւ տեսնում է կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանի բարգավաճման եւ զարգացման ուղղությամբ ջանքերի ակտիվացման անհրաժեշտություն: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ քարտուղարության հաղորդագրությունում։ Քարտուղարությունում այդպես են պատասխանել "Ազատություն" ռադիոկայանի հարցին, թե՝ արդյոք նրանք տեսնում են Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկարը այն ֆոնին, որ Ադրբեջանը դե ֆակտո չի ճանաչում համանախագահների մանդատը, իսկ միջնորդների միջեւ հսկայական հակասություններ կան։
Սակայն ԵԱՀԿ-ում չեն մեկնաբանել Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների ֆոնին: "ԵԱՀԿ նախագահությունը մտադիր չէ մեկնաբանել Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի վերաբերյալ հայտարարությունները", - ասվում է պատասխանում:
Քարտուղարությունում չեն մեկնաբանել նաեւ Ադրբեջանի հետ բանակցություններ կազմակերպելու համար մոտ երկու ամիս առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված Հայաստանի դիմումի ճակատագիրը:
"Համանախագահող երկրները, ինչպես և ԵՄ-ը, վերջին շաբաթներին ակտիվորեն համագործակցում են Բաքվի և Երևանի հետ։ Հայաստանն ու Ադրբեջանը, որպես ԵԱՀԿ անդամ երկրներ, գիտակցում են, որ կազմակերպությունը պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել ինչպես իր մանդատի շրջանակներում, այնպես էլ այլ համատեքստում", - նշել են ԵԱՀԿ քարտուղարությունում: