Արմինֆո. Մայիսի 9-ին Վիլնյուսում անցկացված «Եվրոպական օրեր» տոնակատարությունների շրջանաներում Լիտվայում ՀՀ դեսպան Հովհաննես Իգիթյանը առանձնազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:
Ինչպես Իգիթյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում, դեսպանը Լիտվայի վարչապետին փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույները, հավելելով, որ 2021 թ. հոկտեմբերին վերջինիս Լիտվա այցը նոր խթան հանդիսացավ ինչպես հայ-լիտվական պետական հարաբերությունների, այնպես էլ գերատեսչությունների միջև գործընկերային կապերի համար: Դեսպան Իգիթյանը վարչապետ Շիմոնիտեին նաև տեղեկացրել է առաջիկայում ՀՀ կառավարության մի շարք անդամների՝ Լիտվա նախատեսվող այցերի մասին:
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կարևորել է Հայասան-Լիտվա բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, մասնավորապես, խոսելով տնտեսական ոլորտի այն ճյուղերի մասին, որոնցում առկա է համագործակցությունը խորացնելու ներուժ:
Լիտվայի վարչապետը նաև շնորհավորել է դեսպան Իգիթյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: