Արմինֆո. Մենք հավատում ենք, որ խաղաղ հանրահավաքները բաց քաղաքական համակարգի մի մասն են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով երկու շաբաթ առաջ Հայաստանում սկսված բողոքի շարժումը։
Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ մեկ շաբաթ առաջ վերահաստատվել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ պատրաստակամություն է հայտնվել աջակցելու Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը: "Մենք լիովին պաշտպանում ենք կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքների հիմնական ազատությունները։ Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին բացառապես խաղաղ արտահայտել իրենց իղձերը, իսկ իշխանություններին՝ ցուցաբերել զսպվածություն: Կոչ ենք անում ցուցարարներին զերծ մնալ բռնությունից և հարգել օրենքի գերակայությունն ու ժողովրդավարությունը Հայաստանում", - ընդգծել է Փրայսը։