Արմինֆո. ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը մայիսի 12-16-ը գործուղվել է Իրան: Համապատասխան որոշումը մայիսի 10-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրանում Թումանյանը կմասնակցի Iran Oil Show 2022 նավթի, գազի, նավթավերամշակման եւ նավթաքիմիայի արտադրանքի միջազգային ցուցահանդեսին:
2015թ. փետրվարի 17-ից Արտաշես Թումանյանը զբաղեցնում էր Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնը։ 2021 թ. հոկտեմբերի 13-ին նրան այդ պաշտոնում փոխարինել է կադրային դիվանագետ Արսեն Ավագյանը։ Նոյեմբերի 24-ին նա նշանակվել է ՀՀ կառավարության ղեկավարի խորհրդական։ Թումանյանը նաև Հայաստան - Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավարն է։
Iran Oil Show-ն աշխարհի ամենանշանակալի նավթագազային իրադարձություններից մեկն է մասնակիցների քանակով եւ բազմազանությամբ: Միջոցառումն ընդգրկում է նավթային արդյունաբերության տարբեր ոլորտներ, այդ թվում՝ արդյունահանող ճյուղերը, համալսարաններն ու գիտական կենտրոնները, ստարտափները և գիտատեխնիկական պարկերը, նավթաքիմիական և հարակից ճյուղերը, գազի և հարակից ճյուղերը, խողովակներն ու խողովակաշարերը, ամրանները, վերամշակումը և բաշխումը և դրանց հետ կապված արդյունաբերության ճյուղերը, ինչպես նաև արտադրանքի արտահանողներին և այլն: