Արմինֆո. Մայիսի 4-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիի հետ: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը: Ա. Գրիգորյանն իր զրուցակցին է նաև ներկայացրել անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանը՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով: Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր:
Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրիին Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը։
ԱԽ գրասենյակի հաղորդման համաձայն, Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը Վրաստանի վարչապետին է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Երկուստեք բարձր է գնահատվել վարչապետ Փաշինյանի և վարչապետ Ղարիբաշվիլիի ջերմ հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների նման դրական որակը կփոխանցվի հայ-վրացական համագործակցությանը՝ այլ մակարդակներում:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների ընթացքը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչի համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի տեսլականը Հարավային Կովկասում անվտանգային խնդիրների լուծման և տարածաշրջանում կայունության պահպանման վերաբերյալ: Քննարկվել են տարածաշրջանային տնտեսական և հումանիտար հարցերում Վրաստանի միջնորդության հեռանկարները: Զրուցակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա՝ ինչի շրջանակներում կիսվել են իրենց երկրների մարտահրավերների կառավարման փորձով: