Արմինֆո.Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են Ադրբեջանի եւ Վրաստանի ժողովուրդների փոխադարձ աջակցության եւ համերաշխության վրա եւ դարձել են տարածաշրջանային կայունության եւ համագործակցության կարեւոր գործոն:
Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ Ալիեւը նշել է տրանսպորտի ոլորտում գործընկերության նոր հնարավորությունները: Նրա կարծիքով, երկու երկրներն ընդհանուր տեսակետներ ունեն Հարավային Կովկասի զարգացման վերաբերյալ. Բաքուն և Թբիլիսին միասնական են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի եռակողմ համագործակցության զարգացման հնարավորությունների առնչությամբ և, հատկապես՝ հետկոնֆլիկտային շրջանում։ Նշելով, որ Ադրբեջանն ու Վրաստանը պատրաստ են դրան, Ալիեւը հույս է հայտնել, որ "Հայաստանում եւս կհասկանան, որ դա տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման միակ միջոցն է":
Դարչիաշվիլին, իր հերթին, ընդգծել է Վրաստանի շահագրգռվածությունը Ադրբեջանի հետ համագործակցության ընդլայնման հարցում: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, հաղորդում է Turan-ը: