Արմինֆո.Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Ինչպես հաղորդում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը, մարզաձևի եվրոպական ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային ուղարկած պաշտոնական գրությամբ հաստատել է՝ 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: Ժամկետները դեռևս հստակեցման փուլում են, բայց առաջնությունը կանցկացվի ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ ամեն ինչ պետք է անենք Եվրոպայի առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար. «Սա իսկապես շատ լավ հնարավորություն է մեր ամենաուժեղ մարզաձևերից մեկը կրկին ցուցադրելու, Եվրոպային ասելու, որ մենք լավ ծանրամարտ ունենք: Դա էլ, ընդհանուր առմամբ, կօգնի մասսայականության աճին: Պետք է ամեն ինչ անենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացնենք շատ բարձր մակարդակով»:
Հայաստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար:
Հիշեցնենք՝ մարտի վերջին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:
EWF ներկայացուցիչներն այցելել էին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել էին մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Նշենք, որ 1983 թվականին Երեւանի մարզահամերգային համալիրում պետք է կայանար ծանրամարտի աշխարհի 57-րդ առաջնությունը: Բավարարվել էին դրա անցկացման բոլոր պայմանները, ընթացել էր լուրջ նախապատրաստություն, ամեն ինչ պատրաստ էր։ Սակայն մրցումներն անսպասելի տեղափոխվեցին Մոսկվա։ Ըստ պաշտոնական վարկածի՝ համալիրի շինարարության անավարտ լինելու առնչությամբ, ոչ պաշտոնական վարկածի համաձայն՝ քանի որ համալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարեւանությամբ, և այն չճանաչող Թուրքիայի դրոշի բարձրացումը կարող էր անցանկալի հետևանքներ ունենալ։