Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոն հրապարակել է ամերիկացի միջնորդ Էնդրյու Շոֆերի Երեւան այցի նպատակները:
"Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, վերջերս Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ խաղաղ բանակցությունների հանձնառությունը",- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոյի Twitter-յան էջում հրապարակված հայտարարությունում:
"Պետքարտուղարի օգնական Դոնֆրիդը այս շաբաթ տարածաշրջան է ուղարկում Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին, որպեսզի քննարկի, թե ինչպես ԱՄՆ - ն կարող է լավագույնս աջակցել այդ գործընթացին", - նշվում է բյուրոյի հայտարարությունում:
Նշենք, որ Շոֆերն արդեն Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Բանակցությունների օրակարգում եղել են Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը եւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։