
Արմինֆո. Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է: Այդ մասին ասվում է «5165» շարժման հայտարարությունում:
«Նիկոլ Փաշինյանը, ով իր բոլոր ձախողումների ու հանցագործությունների մեղքը միշտ հմտորեն բարդում է տարբեր մարդկանց, խմբերի, հաստատությունների վրա, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ ստորագրելու իր պատրաստակամությունն այս անգամ էլ ժողովրդին ուզում է մատուցել միջազգային հանրության կողմից ճնշումների մասին կեղծ թեզերով․ իբրև թե միջազգային հանրությունն է ստիպում Հայաստանին իջեցնել իր սահմանած նշաձողն Արցախի հարցում։
Արցախի հարցում հայ ժողովրդի սահմանած նշաձողը արցախցիների ազատությունն ու անվտանգությունն է, ինչն իջեցնելը հավասար է ցեղասպանության։
Իր անվերջ ձախողումների ու հանցանքների մեղքը «նախկինների», ԳՇ պետերի, պաշտպանության նախարարների, ՀԱՊԿ-ի ու այլևայլ սուբյեկտների վրա բարդելուց հետո Նիկոլ Փաշինյանը այժմ սլաքներն ուղղում է միջազգային հանրության վրա։
Նա շարունակում է ժողովրդին ահաբեկել, որ իբր «խաղաղության պայմանագիր» չկնքելու դեպքում նոր պատերազմ է սպառնում մեզ։ Նա պատերազմի սպառնալիքով այսպես Ադրբեջանին է զիջելու նաև Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը․․․
Մենք պետք է հասկանանք, որ ողջ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հանցավոր ու ապիկար ղեկավարման մեջ է։ Ուստի նրան հեռացնելն օրախնդիր անհրաժեշտություն է։ Հեռացնելով նրան ու համախմբվելով Արցախի փրկության, Հայաստանի անվտանգության և մեր ազգային արժանապատվության վերականգնման գաղափարի շուրջ՝ մենք կարող ենք արագ բարձրացնել Հայաստանի պաշտպանունակությունը, վարել ազգային-պետական շահերից բխող արտաքին ու ներքին քաղաքականություն, և ոչ մի թշնամի այլևս չի կարող թելադրել մեզ իր կամքը», - ասվում է շարժման ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարության տեքստում։
Նշենք, որ նախօրեին ելույթ ունենալով խորհրդարանում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. "Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է. մի փոքր իջեցրեք ձեր նշաձողը Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ դուք մեծ միջազգային համախմբում կունենաք Հայաստանի եւ Արցախի շուրջ: Հակառակ դեպքում՝ խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, եւ ոչ այն պատճառով, որ մենք չենք ցանկանում օգնել ձեզ, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող օգնել ձեզ"։
Փաշայանի այս հայտարարությունից հետո Արցախում հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստ։ Նաեւ տեղի է ունեցել նախագահի հանդիպումը հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պահանջել են հանդիպում՝ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին: