Արմինֆո.Եվրոպայում "Քինդեր" շոկոլադե ձվերի անվտանգության հետ կապված սկանդալից մեկ շաբաթ անց Հայաստանի պարենային անվտանգության պետական տեսչությունը, այնուամենայնիվ, որոշել է դադարեցնել այդ մանկական քաղցրավենիքի վաճառքը:
Սալմոնելայի առկայությունը "Քինդեր-սյուրպրիզներում" բացահայտվել էր դեռ ապրիլի 6-ին, որից հետո աշխարհի երկրները սկսեցին նախազգուշացնել իրենց քաղաքացիներին վտանգի մասին եւ հեռացնել այդ ենթադրյալ "թույն": Թունավորման դեպքերի հետաքննությանը դեռեւս ապրիլի 7-ին ձեռնամուխ է եղել Առողջապահության եվրոպական գործակալությունը:
Անուշեղեն արտադրող իտալական Ferrero հրուշակեղենի խումբը նույն օրը հետ է կանչել Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում եւ Իսպանիայում, ինչպես նաեւ Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Լյուքսեմբուրգում շոկոլադե ձվի մի քանի խոշոր խմբաքանակ: Տուժածները, հիմնականում, մինչև 10 տարեկան երեխաներ են։ Ամենից շատ դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում։ Հաստատվել են նաեւ Ֆրանսիայում, Իռլանդիայում, Բելգիայում, Գերմանիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Շվեդիայում եւ Նորվեգիայում վարակման դեպքեր:
Այսօր ՝ ապրիլի 13-ին, Հայաստանի պարենային անվտանգության պետական տեսչությունը հանդես է եկել մամլո հաղորդագրությամբ, որում հաղորդել է, որ տեղեկատվություն է ստացել Սննդամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN), որի համաձայն, Բելգիայում եւ Գերմանիայում արտադրված "Քինդեր" ապրանքանիշի 5 մթերքներ ռիսկային են համարվում: Այդ կապակցությամբ, "համադրելով պետական վերահսկողության շրջանակներում ստացված տեղեկատվությունը", պետական տեսչությունը որոշել է դադարեցնել Հայաստանում Kinder Surprise Uovo Maxi և Kinder Schokobons 650 կգ շոկոլադների վաճառքը:
Միեւնույն ժամանակ, տեսչությունը հաղորդել է, որ "Քինդեր" ապրանքանիշի մնացած բոլոր ապրանքների վաճառքի որեւէ սահմանափակում չի մտցրել, եւ դրանք ենթակա են իրացման: Տեսչությունն ընտրել է փորձանմուշները և ուղարկել լաբորատոր հետազոտության ։
Ferrero ընկերությունը "վատ նորությունների" ֆոնին որոշել է կամավոր շրջանառությունից հետ կանչել արտադրանքի առանձին խմբաքանակներ, որոնք արտադրվել են Բելգիայի Արլոնի ֆաբրիկայում: Հաղորդվում է, որ Եվրոպայի մի շարք երկրներում իսկապես սալմոնելոզով հիվանդանալու դեպքեր են հաստատվել, այժմ մասնագետները հետազոտություններ են անցկացնում եւ պարզում են հնարավոր կապը: Բելգիայի ֆաբրիկայի աշխատանքը դադարեցվել է։