Արմինֆո.Թուրքիան, անշուշտ, Արևմուտքի աշխարհաքաղաքական հավասարման մի մասն է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության՝ եթե ոչ դուրս մղման, ապա նվազեցման առումով։ ԱրմԻնֆո-ին նման կարծիք է հայտնել ռուսաստանցի առաջատար վերլուծաբան, "Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում" ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը։
"Նման հետեւության է հանգեցնում Անկարայի հետ ներկայիս ոչ լավագույն հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ-ի ձգտումը։ Վերջինս անհրաժեշտ է ԱՄՆ-ին և ԵՄ-ին, ի թիվս այլ հանգամանքների, Հարավային Կովկասում արդեն սկսված նախաձեռնությունը Մոսկվայի ձեռքից խլելու գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Մինչդեռ, տարածաշրջանում էական ազդեցություն ունի ոչ միայն ՌԴ-ն, այլև Թուրքիան։ Ըստ այդմ, Արևմուտքն այսօր կարիք ունի Անկարայի՝ եթե ոչ մասնակցության, ապա լոյալությանն այդ գործընթացի նկատմամբ", - ընդգծել է նա։ Այս փուլում, ըստ վերլուծաբանի, այն հունը, որով հոսում և զարգանում են գործընթացները, տեսանելի է, գործնականում, անզեն աչքով։ Եվ այսօր կարելի է արձանագրել դրանց շարժման, համապատասխանաբար, անկայունության չափազանց բարձր աստիճանը։ Ինչն, առաջին հերթին, պայմանավորված և կախված է Ուկրաինայում պատերազմի արդյունքներից։ Ընդ որում՝ այդ գործընթացի բոլոր ակտիվ և պասիվ մասնակիցների համար։
Վերադառնալով Թուրքիայի դերին Հարավային Կովկասում ընթացող գործընթացներում՝ Լուկյանովը դրա պահպանումն ու պարբերական բարձրացումը պայմանավորել է Անկարայի արտաքին քաղաքական և դիվանագիտական արտակարգ ճկունությամբ։ Վերջինս, նրա գնահատմամբ, դրսևորվում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի նկատմամբ, որոնց հետ Թուրքիային հաջողվում է բավական լավ հարաբերություններ պահպանել, նույնիսկ, Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ ներկայիս իրավիճակում ։ Եվ դա այն պայմաններում, երբ ոչ միայն ԱՄՆ-ն ու Արևմուտքը, այլև ողջ աշխարհը փորձում են ավելացնել Ռուսաստանի նկատմամբ թշնամական երկրների ցանկը։
Այս լույսի ներքո՝ վերլուծաբանը ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի, ԵՄ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը բնութագրել է որպես արեւելյան ուղղությամբ Արեւմուտքի ակտիվության անվերապահ մաս: Ըստ Լուկյանովի, Արևմուտքն այսօր արդեն բացահայտորեն հավակնում է այն դերին, որը սկսել է խաղալ Հարավային Կովկասում ՌԴ-ը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում:
"Հասկանալի է, որ ախորժակը եւ մտադրությունները մի բան է, իսկ իրական քայլերը՝ բոլորովին այլ բան: Այս լույսի ներքո՝ ԵՄ-ը Երեւանին եւ Բաքվին պետք է անի առաջարկություններ, որոնցից նրանք չեն կարող հրաժարվել։ Ինչը թույլ կտա անցնել Բրյուսելի հաջորդ փուլին՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ։ Այդուհանդերձ, այս գործընթացի ձգձգման դեպքում կովկասյան գործերին արևմտյան միջամտության ընթացիկ փուլը կարող է ավարտվել նաև լիակատար ձախողմամբ։ Ասել է թե՝ ես այսօր չեմ ստանձնում կանխատեսել Շառլ Միշելի պայմանական առաքելության հաջողությունը։ Այդ թվում՝ ոչ կանխատեսելիության պատճառով, որը հղի է ղարաբաղյան կարգավորման բազմաթիվ չլուծված հարցերով և հակասություններով ։ Եվ, իհարկե, Ուկրաինայի շուրջ իրավիճակի, որը հեռու է հանգուցալուծումից", - ամփոփել է վերլուծաբանը։