Արմինֆո. Այն պահին, երբ Ռուսաստանը Արցախը հանձնի Ադրբեջանին, նա անմիջապես ավելորդ կդառնա Հայաստանում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։
"Կարծում եմ, որ Մոսկվայում նույնպես դա հիանալի գիտակցում են։ Հենց Արցախի, Արցախի հիմնախնդրի շնորհիվ է, որ ՌԴ-ն վերջին տասնամյակներում ապահովում է սեփական ներկայությունը Հայաստանում։ Համապատասխանաբար, ՌԴ-ն այսուհետ ևս կփորձի պահպանել իր ռազմական ներկայությունն Արցախում։ Ընդ որում, այս առումով բնավ ամեն ինչ չի կախված Մոսկվայից ։ ՌԴ-ի հետագա ներկայությունն իսկ Հարավային Կովկասում մեծապես պայմանավորված կլինի Արեւմուտքի դիրքորոշմամբ։ Եվ, իհարկե, ուկրաինական պատերազմի ելքով", - նշել է նա։
Աշխարհաքաղաքականությունից զատ՝ քաղաքական գործիչը Կովկասում եւ Հայաստանում ռուսական հետագա հեռանկարները պայմանավորում է, մասնավորապես, Հայաստանի ղեկավարության պետական մտածողության բովանդակությամբ եւ քաղաքական կամքի աստիճանավորմամբ: Նրա կարծիքով ՝ արդեն հայ հասարակության շրջանում այն գիտակցման ի հայտ գալն իսկ, որ Փառուխի և Քարագլուխի շուրջ տեղի է ունեցել գործարք, շատ բանի մասին է խոսում։ Ինքը՝ Հայրապետյանը, Արցախում տիրող իրավիճակը համարում է նախկին պայմանավորվածությունների շարունակություն, որոնց շրջանակներում Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն և պատերազմի 44-օրյա արյունահեղ իմիտացիա։
"Այլ բան է, որ թուրքերն ու նրանց ապշերոնյան արբանյակները, հիանալի տեսնելով Ուկրաինայում խրված Ռուսաստանի ներկայիս վիճակը, ակտիվորեն փորձում են արագացնել, առաջ մղել այդ նույն պայմանավորվածությունների իրականացման ժամանակացույցը։ Ամեն ինչ տառացիորեն տեսանելի է: "Շոյգուի, "փայլուն գործողությունը", Պուտինի "Ղարաբաղի անքակտելիությունը Ադրբեջանի հետ", չէ որ այդ ամենն ասվել է միանգամայն բացահայտ։ Իսկ Արցախում այդ գործողության շարունակմանը Երևանից խաղաղապահներին ուղղված վերջին արձագանքները առավելագույնն է, որ կարող են անել այս ՌԴ-ից նշանակվածները։ Ինչպես, ի դեպ, նաեւ բոլոր նախորդները: Ավելին նրանց տրված չէ", - նշել է նա։
Փառուխ գյուղի շուրջ իրավիճակի վերաբերյալ ՌԴ-ի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների հայտարարությունների միջեւ վերջին հակասությունները Հայրապետյանը պայմանավորում է Մոսկվային եւ Բաքվին ուղղված ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հայտարարություններով: Մասնավորապես, Բաքվի հասցեին Մոսկվայի մեղադրանքները նա դիտարկում է որպես հարկադրված հետքայլ ծրագրված եւ համաձայնեցված գործարքից եւ Փառուխի ոչ մեծ գործողությունից: "Գործող իշխանությանն ինչ-որ խորհուրդներ եւ հանձնարարականներ տալը Հայաստանի եւ Արցախի համար այս բավականին անմխիթար իրավիճակից ելք գտնելու ուղղությամբ, կարծում եմ, միանգամայն ավելորդ է։ Առաջին հերթին, նկատի ունենալով հենց այդ իշխանության բովանդակությունն ու ձեւավորման բնույթը։ Նրա նախորդները "գիտեին ամեն ինչ", այս իշխանությունը "չգիտի եւ չի ուզում իմանալ ոչինչ"։ Իսկ ես գիտեմ, որ քաղաքական առումով ոչ ստանդարտ այս իրավիճակը հնարավոր է և պետք է փոխել բացառապես ոչ ստանդարտ եղանակներով։ Ինչի համար գործող իշխանությունը պետք է, առնվազն, մոռանա սեփական ստամոքսի մասին և հիշի հայրենիքի, պետականության ու խղճի մասին։ Այլ մանրամասներ բացահայտելն առայժմ վաղաժամ եմ համարում", - ամփոփել է քաղաքական գործիչը։