Արմինֆո.Ռուսաստանն Ուկրաինայում վա բանկ է խաղում: Համենայնդեպս, Մոսկվայի հենց այդ ձգտման մասին են վկայում նրա բոլոր վերջին գործողությունները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
"Հենց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, ներխուժումը Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմաններից դուրս արդեն խոսում է այդ մասին։ Մինչեւ փետրվարի 24-ը քչերն էին պատկերացնում, որ Մոսկվան ընդունակ է նման բանի։ Եվ ահա այժմ Ռուսաստանի ղեկավարությունը վա բանկ է խաղում՝ այդ պատերազմում իր բացարձակ հաղթանակին հասնելու նպատակով։ Հենց դրան է ուղղված ռազմական գործողությունների արեալի շարունակական ընդլայնումը, ավելի ու ավելի շատ ուկրաինական գյուղերի ու քաղաքների թիրախավորումը", - կարծում է նա։
Այս լույսի ներքո և նման տրամաբանության շրջանակներում է քաղաքագետը դիտարկում նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ՝ Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքի իրողության մասին նախազգուշացումների կյանքի կոչման հավանականությունը։ Գրիգորյանը հիշեցրել է, որ մինչեւ ռուսական ներխուժումն Ուկրաինա քչերն էին հավատում այդ ներխուժման հնարավորությանը՝ չնայած Վաշինգտոնից եւ Բրյուսելի բազմաթիվ նախազգուշացումներին։
Հետևաբար, Գրիգորյանի կարծիքով, կա նաև քիմիական զենքի կիրառման սպառնալիքի հավանականություն։ Հատկապես, օրերս ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչների հնչեցրած հայտարարության համատեքստում, որի համաձայն, անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն կգնա նույնիսկ միջուկային զենքի կիրառման։ Հույս հայտնելով, որ նման հայտարարություններով Մոսկվան փորձում է ճնշում գործադրել հակառակորդների նկատմամբ, քաղաքագետը հիշեցրել է, որ հենց Մոսկվայի նման հայտարարությունների և սպառնալիքների շնորհիվ ՆԱՏՕ-ն զգուշանում է փակել Ուկրաինայի երկինքը:
"Հասկանալի է, որ միջուկային զինանոցի կիրառումն իրականում մահացու ելք կունենա ՌԴ համար։ Ինչի լույսի ներքո ես իրադարձությունների նման շրջադարձը գնահատում եմ որպես քիչ հավանական՝ ի տարբերություն քիմիական զենքի կիրառման հեռանկարների։ Մարդկանց, որոնք քիչ հավանական են համարում նաեւ այդ հեռանկարը, ես խորհուրդ կտայի վերադառնալ մինչեւ փետրվարի 24-ը եւ գնահատել նախապատրաստվող հարձակման մասին ԱՄՆ-ի նախազգուշացումները", - ընդգծել է նա:
Մեկնաբանելով ուկրաինական իրավիճակի ազդեցությունը Հայաստանի և, առաջին հերթին, Արցախի վրա, քաղաքագետը նշել է, որ նման ազդեցության վեկտորները քիչ չեն։ Ինչի լույսի ներքո նա անհրաժեշտ է համարում հաշվարկել բոլոր հնարավոր սցենարներն այն մասին, թե ինչպես Ուկրաինայում եւ Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարող է ազդել Հայաստանի վրա ։ "Արցախում ալիևյան ռեժիմի վերջին սադրանքների լույսի ներքո մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակն այսպես թե այնպես, բայց պրոյեկտվում է նաև Արցախի վրա։ Եվ այսօր Հայաստանի համապատասխան մարմիններին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես դիմակայել այդ ամենին ", - ամփոփել է Գրիգորյանը։