Արմինֆո.Մարիանա Մկրտչյան: Մարտի 26-ին Հայաստանը կմասնակցի WWF Հայաստանի կողմից իրականացվող «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիային՝ մեկ ժամով անջատելով Երևան քաղաքի և այլ քաղաքների արտաքին և փողոցային լուսավորությունը:
Ինչպես հաղորդում է Հայաստանում WWF մամուլի ծառայությունը, իրազեկման այս համաշխարհային արշավի նպատակն է՝ համախմբել հանրությանը, գործարար ոլորտին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:
«Մոլորակի ժամը» նախաձեռնությունը առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Տարեցտարի ակցիան ձեռք է բերում մեծ հեղինակություն՝ ապահովելով ավելի քան 1մլրդ-ից ավել բնակչության մասնակցություն ողջ աշխարհում: «Մոլորակի ժամը՝ աշխարհի ամենամեծ շարժումը շրջակա միջավայրի համար, պատրաստվում է ևս մեկ անգամ միավորել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում՝ ցույց տալու նրանց նվիրվածությունը մոլորակին: Մինչ մենք շարունակում ենք մեր կյանքը հարմարեցնել COVID-19-ի ազդեցությանը և վերջին երկու տարիների աղետալի իրադարձություններին, «Մոլորակի ժամը 2022-ը» նպատակ ունի ազդարարել նոր դարաշրջան, որտեղ առաջնահերթությունն են մարդիկ և մոլորակը: Ուստի WWF Հայաստանի կողմից կազմակերպվող «Մոլորակի ժամը»-ը շեշտում է «Միացի՛ր Մոլորակին» գաղափարախոսության կարևորությունը,» - ասել է WWF Հայաստանի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։ Այս տարի «Մոլորակի Ժամը 2022» միջոցառումը կանցկացվի Երևանի Բուսաբանական այգում, ժամը 15:00-ից մինչև 21:30: Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) աշխարհի առաջատար բնապահպանական կազմակերպությունն է, որն աշխատում է մեր մոլորակի բնական պաշարների պահպանության ուղղությամբ: WWF-ի առաքելությունն է դադարեցնել մոլորակի բնական միջավայրի դեգրադացումը և կառուցել ապագա, որտեղ մարդիկ ապրում են բնության հետ ներդաշնակ: Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) գլխավոր առաջնահերթություններից են վտանգված կենդանատեսակների պահպանումը, Հայաստանի պահպանվող տարածքների զարգացումն ու հզորացումը (արգելոցներ, ազգային պարկեր, արգելավայրեր և այլն), էկոհամակարգերի պահպանումը և վերականգնումը, կլիմայի փոփոխության մեղմացումը և հարմարեցումը, տեղական համայնքների համար այլընտրանքային կենսապահովման տնտեսական մեխանիզմների ներդրումը` բնական ռեսուրսների կայուն օգտագործումը խթանելու և կենսաբազմազանությունը պահպանելու նպատակով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել WWF Հայաստանի Հասարակայնության հետ կապերի և համագործակցության ղեկավար Ժակ Նիազյանին։ Հեռախոսահամար՝ (+374 55) 11 57 70 Էլեկտրոնային հասցե՝ [email protected] Վեբ-կայք՝ www.panda.org/armenia», - ասվում է հաղորդագրությունում: