Արմինֆո.Տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում' ապրիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստումը, ինչպես նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի տոնակատարությանը նվիրված մի շարք այլ միջոցառումներ:
Տարածաշրջանային կտրվածքով հաստատվել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարման կարեւորությունը, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի արագ մեկնարկը եւ տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման նախագծային գործունեության մեկնարկը: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդրին, ինչին Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել։ Գոհունակությամբ նշվել է Մոսկվայի և Երևանի միջև փոխգործակցության բարձր մակարդակը եվրասիական ինտեգրացիոն կառույցների՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ինչպես նաև միջազգային հարթակներում:
Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը, մարտի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եւ նրա ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ռուսական համագործակցությանը, բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելություններին, Հայաստանի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանը նաև իր գործընկերոջն է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։