Արմինֆո. Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: Այդ մասին ասվում է Արցախի ԱԽ գրասենյակի հաղորդագրությունում:
«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը», - ընդգծվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում նախօրեին տարածվել են դեպի Հայաստանի և Արցախի սահման ռազմական տեխնիկայի տեղաշարժի կադրեր։ Ավելին, վերձին օրերին Ադրբեջանի զինուժն ահաբեկում է Արցախի բնակչությանը, սպառնալով ուժ կիրառել, եթե նրանք չլքեն տարածքը։