
Արմինֆո. "Ի պաշտպանություն Արցախի" հասարակական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ և սադրիչ գործողությունները, կոչ է անում Արցախի և Հայաստանի իշխանություններին հետևողական քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ:
ԱրմԻնֆո-ին տրամադրված նախաձեռնության հայտարարությունում ասվում է. «Արցախի Հանրապետությունում ստեղծված վտանգավոր իրավիճակն արդեն հայտնի է Հայաստանում, և դրա արդյունքը ԱՀ ԱԳՆ մարտի 10- հայտարարությունն է. «Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։
Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով»։ Այս հումանիտար աղետին գումարվում ենադրբեջանական ԶՈՒ արդեն կանոնավոր դարձած գնդակոծությունները և հրթիռակոծությունները Մարտունու և Ասկերանի շրջանի գյուղերի խաղաղ բնակչության դեմ, որի հետևանքով ունենք մեկ վիրավոր, գյուղատնտեսական տեխնիկայի և բնակելի տարածքների ու դպրոցի վնասում:
«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակողական, սադրիչ գործողությունները և կոչ անում ԱՀ և ՀՀ իշխանություններին հետևողական քայլեր ձեռնարկել խնդիրների կարգավորման ուղղությամբ: Համոզված ենք, որ Ադրբեջանը, օգտվելովՈւկրաինայում ծավալվող գործողություններից, փորձում է միջազգային հանրության և հատկապես Ռուսաստանի խաղարարար առաքելության թիկունքում իրականացնել Արցախի պահպանված տարածքներում հայ բնակչության բռնագաղթ և էթնիկ զտումներ:
«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը պահանջում է, որ ՀՀ պատկան մարմինները դիմեն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը՝Արցախում հակամարտության կարգավորմանն ուղղված գործողություններն ակտիվացնելու համար, այլև ՄԱԿ-ին՝ գումարելու Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ստեղծված իրավիճակը և կընդունվեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպման քայլեր:
Անհրաժեշտ ենք համարում զուգահեռաբար դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես Արցախում խաղաղապահ ուժերի գործողությունների երաշխավոր, վերանայելու նրանց տրված մանդատը և իրավունք տալու բոլոր հնարավոր միջոցներով կանխել սադրիչ և հանցավոր քայլերը, որոնք իրականացնում են Ադրբեջանի զինված ուժերը»։
Նշենք, որ մարտի 4-ից հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, այդ թվում ՝ ականանետերից: Ադրբեջանական ագրեսիայի թիրախը խաղաղ բնակիչներն են։ Մարտի 10-ին Խրամորթ գյուղի բնակիչը վիրավորվել է սեփական տան այգում ՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Ավելին, Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունների արդյունքում Արցախի բնակիչներն արդեն մեկ շաբաթ է ՝ զրկված են գազից, ցանցի գերծանրաբեռնվածության պատճառով էլեկտրամատակարարման խափանումներ են դիտվում։ Ադրբեջանի ԶՈՒ-ն խոչընդոտներ է ստեղծում գազատարի վերանորոգման հարցում։ Կարծիք կա, որ հակառակորդը միտումնավոր պայթեցրել է գազատարը, որի վերանորոգման շուրջ բանակցություններն առայժմ հաջողությամբ չեն պսակվել: Միեւնույն ժամանակ, Արցախի Պաշտպանության բանակի այսօրվա հաղորդագրության համաձայն, մարտի 13-ի ցերեկը եւ լույս 14-ի գիշերը օպերատիվ-մարտավարական իրադրությունը համեմատաբար կայուն է եղել: Գերատեսչության տվյալներով ՝ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: