Արմինֆո. Արցախի ռուս խաղաղապահների միջոցով 14 տոննա մարդասիրական օգնություն ուղարկելով Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով կարիքավոր մարդկանց՝ Արցախի կառավարությունը ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ կանգնելու մարդկանց կողքին, որոնք բախվել են նույնպիսի աղետալի բարդությունների, ինչպես արցախցիները՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
"Անկախ մեր տեւական եւ ծանր զրկանքներից եւ դրանց նկատմամբ աշխարհի գրեթե լիակատար անտարբերությունից՝ մենք մարդ ենք եւ չենք ցանկանում տեսնել այդպիսի մարդկային տառապանքներ որեւէ տեղ՝ ներառյալ Դոնբասը, Կիեւը, Ռուսաստանը", - նշել է Բեգլարյանը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անկախ Արցախի Հանրապետության չճանաչված կարգավիճակից, այն միջազգային հանրության պատասխանատու և լիիրավ անդամ է՝ պարտականություններով ու իրավունքներով:
"Թեեւ 14 տոննան այնքան էլ մեծ ծավալ չէ, բայց դա քիչ չէ՝ մեր հնարավորությունների համեմատ։ Մենք չենք բացառում ռուս խաղաղապահների միջոցով նոր հումանիտար բեռների առաքումը՝ կարիքներին եւ մեր հնարավորություններին համապատասխան։ Մարդու իրավունքներն ու արժանապատվությունը չպետք է ենթարկվեն բազմաթիվ ստանդարտների որեւէ մեկի կողմից", - նշել է պետնախարարը։