Արմինֆո.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի իրավիճակի շուրջ վերջին քվեարկությանը "ձեռնպահ" մնալով՝ պաշտոնական Երեւանը, անկասկած, ելել է Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
"Ընդ որում, հավանականությունը, որ Հայաստանին, վաղ թե ուշ, կդնեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընտրության անհրաժեշտության առջեւ, բավական մեծ է։ Եվ այդ ընտրությունը մեզ համար շատ անցանկալի և ցավոտ կլինի։ Ամեն դեպքում, Հայաստանը միջազգային ասպարեզում այն դերակատարը չէ, որից կարելի է ակնկալել ակտիվ քաղաքական քայլեր և հայտարարություններ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ Հատկապես, հաշվի առնելով Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի հետեւանքները Հայաստանի համար։ Սեփական անվտանգության ապահովման հետ կապված էական խնդիրներ ունեցող Հայաստանը, պարզապես, ի վիճակի չէ իրեն թույլ տալ ընտրության շքեղություն՝ այդ գործընթացում կարեւոր ուժի երկու կենտրոնների միջեւ", - ընդգծել է նա։
Մեկնաբանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ Արցախում 44-օրյա պատերազմի համեմատ, Սաֆարյանը Ուկրաինայի նկատմամբ միջազգային արձագանքի և Արցախի պարագայում դրա բացակայության միջև էական տարբերությունները պայմանավորել է իրեն որպես Եվրոպայի մաս Ուկրաինայի դիրքավորմամբ։ Մինչդեռ, Հայաստանն իրեն Եվրոպայի մաս դիրքավորելու հնարավորություն, նրա կարծիքով, չունի։
Անդրադառնալով Մոսկվայի եւ Կիեւի միջեւ մարտական գործողություններին զուգընթաց բանակցությունները՝ վերլուծաբանը դրանք որակել է որպես Կիեւի նկատմամբ սպառնալիքների եւ մարտական գործողությունների հետեւանքները շոշափելու Մոսկվայի փորձ: Սաֆարյանը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը ձգտում է, որպեսզի Ուկրաինայի նախագահ Զելենսկին անձամբ ընդունի Ուկրաինայի պարտությունը՝ սպառնալիքների Ուկրաինայի քաղաքների շրջապատման միջոցով՝ առանց Կիևը անմիջականորեն վերցնելու։
"Ամեն դեպքում, գոյություն ունեցող աշխարհակարգի փլուզումը բոլորովին ձեռնտու չէ Հայաստանի նման երկրների համար։ Նման դեպքերում միշտ տուժում են աշխարհի ամենախոցելի կետերը, տարածաշրջաններ, որտեղ ծխում են սառեցված հակամարտությունները, ինչպիսին է դեռևս Արցախի շուրջ հակամարտությունը։ Անվտանգության վակուում ունեցող տարածաշրջանները: Կարծում եմ, որ մենք միշտ պետք է այդ մասին հիշենք մեր հայտարարություններում, ինչպես դաշնակցային Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի հասցեին", - ընդգծել է վերլուծաբանը։
Մեկնաբանելով ՌԴ նախագահի կողմից Պետդումա ներկայացված "ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին" արձանագրության վավերացման մասին օրինագիծը՝ Սաֆարյանը դա պայմանավորել է Մոսկվայի կողմից Ուկրաինայի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակի ըմբռնմամբ: Մասնավորապես, նրա կարծիքով, այդ նորմատիվ-օրենսդրական հիմքի ձևավորումը պայմանավորված է ՀԱՊԿ-ում Ուկրաինայի իրավիճակի ընդհանուր գնահատականի վերաբերյալ կոնսենսուսի բացակայությամբ։
"Մենք տեսնում ենք, որ Մոսկվային այդպես էլ չհաջողվեց այդ հարցում համախմբել իր դաշնակիցներին ՀԱՊԿ-ի ներսում։ Ինչը Վլադիմիր Պուտինին հնարավորություն տվեց անձամբ համոզվել ՀԱՊԿ-ի փաստացի բացակայության մեջ՝ որպես գործուն ռազմական դաշինք։ Այդուհանդերձ, ՌԴ-ն չի կարող անտեսել ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների դիրքորոշումը։ Այստեղից էլ՝ այդ արձանագրության շուտափույթ վավերացման անհրաժեշտությունը։ Այդ որոշումը Մոսկվային թույլ կտա ապագայում Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ կայացնելիս հանդես գալ որպես որոշիչ գործոն։ Այլ կերպ ասած՝ դա փորձ է ապահովագրվել ապագայում տարաձայնությունների հետեւանքներից", - ամփոփել է վերլուծաբանը ։
Մարտի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել "ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին" արձանագրության վավերացման մասին օրենքի նախագիծը: 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում ստորագրված արձանագրությամբ սահմանվում է "համակարգող պետություն" հասկացություն, եւ նախատեսվում է, որ նրա հովանու ներքո ստեղծվում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ ՄԱԿ խաղաղապահ գործողություններում կիրառելու համար: Արձանագրության ստորագրումը եւ վավերացումը կազմակերպության անդամներին հնարավորություն են ընձեռում մասնակցել ՄԱԿ խաղաղապահ գործողությանը հավաքական կերպով ՝ ՀԱՊԿ-ի անունից ՝ ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի համակարգմամբ: