Արմինֆո.Թուրքիայի հետ ստորագրված "Շուշիի հռչակագրի" հետ մեկտեղ՝ Մոսկվայում Ռուսաստանի հետ ստորագրված հռչակագիրը նեղացրել է Ալիևի մանևրելու տարածությունը՝ մինչեւ նվազագույն։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որի 44 կետերից մի քանիսը վերաբերում են ռազմական ոլորտում համագործակցությանը։
"Անհրաժեշտ է ընդգծել, որ Անկարայի եւ Բաքվի միջեւ ստորագրված հռչակագրում երկու բռնապետեր Ալիեւն ու Էրդողանը միմյանց մեծարում են որպես եղբայր եւ երդվում են հավերժ բարեկամություն։ Վերջինս հենվում է դեռևս Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի կողմից ամրագրված "մեկ ժողովուրդ՝ երկու պետություն" հայեցակարգի վրա։ Հասկանալի է, որ ՌԴ-ի հետ հռչակագրում նման հռետորաբանություն ու էպիտետներ չկան։ Սակայն, մտահոգում է մեկ այլ բան. ՌԴ նախագահը Մոսկվայում 5 ժամ անընդմեջ խոսել է Ալիևի հետ", - ընդգծել է նա։
Եվ, ի տարբերություն ռուս-ադրբեջանական հռչակագրի հրապարակված և հասանելի կետերի, այդ խոսակցության բովանդակությունը հայտնի չէ։ Մինչդեռ, ըստ Ոսկանյանի, կարևորը հենց վերջինն է։ Մասնավորապես, Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների լույսի ներքո Ադրբեջանի համար հակառուսական վեկտորում գործողությունների համար միանգամայն որոշակի հնարավորությունների և մեխանիզմների ստեղծումը։
Այս լույսի ներքո նա հիշեցրել է Ռուսաստանից, մասնավորապես, ռուսական գազի մատակարարումներից սեփական էներգետիկ կախվածությունը էապես կրճատելու Եվրոպայի ձգտմանն ընդառաջ գնալու Ալիեւի ընդգծված վճռականության մասին։ Ըստ Ոսկանյանի ԵՄ-ի այս քաղաքականության վեկտորներից մեկը հենց Բաքուն է։ Ընդ որում, վերջինս արդեն պատրաստակամություն է հայտնել ավելացնելու գազի մատակարարումը Եվրոպա։
Ըստ Ոսկանյանի, եթե Ալիևը գործնական քայլեր կատարի այդ ուղղությամբ, դա կդառնա Ադրբեջանի ուղղակի և բացահայտ մասնակցություն Արևմուտքի կողմից Ռուսաստանին հայտարարված և վարվող տնտեսական պատերազմին: Եվ, ըստ փորձագետի, Մոսկվան այսօր փորձում է Ալիևին կապել ստորագրված հռչակագրով և մինչեւ նվազագույն սահմանափակել նրա կողմից այդ ուղղությամբ որոշումներ կայացնելու տարածքությունը։
"Այդուհանդերձ, հռչակագրերով կամ առանց դրանց, առավել քան ակնհայտ է, որ ալիևյան Ադրբեջանը խորապես հակառուսական պետություն է։ Այլ բան է, որ Բաքվի իշխող վերնախավի հակառուսական տրամադրությունները լատենտ բնույթ են կրում։ Ինչը դրանց ավելի վտանգավոր բնույթ է տալիս։ Հակառուսական են տրամադրված Ադրբեջանում կառավարող վերնախավն ու ադրբեջանական հասարակությունը։ Մոսկվայում, իհարկե, այդ ամենը հիանալի տեսնում և հասկանում են։ Բայց մենք էլ, մեր հերթին, պետք է հասկանանք, որ Կրեմլի աշտարակները մի քանիսն են, և դրանց տակ ալիևյան ռեժիմի մատուցմամբ ակտիվորեն լոբբիստական գործունեություն է ծավալվում։ Հիմնականում՝ տարբեր ռուսական պաշտոնյաների կաշառելու միջոցով, որոնք կաշառքի դիմաց աշխատում են արդեն ոչ միայն Հայաստանի, այլև սեփական երկրի շահերի դեմ", - ամփոփել է Ոսկանյանը։