
Արմինֆո. Ուկրաինայում Հայաստանի դեսպանության վերջին տվյալների համաձայն, Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների հետեւանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ Ուկրաինայի տարածքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիեւում դեսպանատունը եւ Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) կապի մեջ են երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների հետ եւ մշտական հիմունքով ուսումնասիրում են իրավիճակը: "Այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա որոշումներ են կայացվում, Հայաստանի քաղաքացիներին տրվում են համապատասխան ցուցումներ", - նշել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հեռախոսազրույց են ունեցել, ինչի արդյունքում Չինաստանի ԱԳՆ-ը հաղորդել է Կիևի հետ բանակցելու Ռուսաստանի նախագահի պատրաստակամության մասին։ "Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել", - գերատեսչությունը մեջբերում է նախագահի խոսքը: Նշվում է, որ Պուտինը չինացի գործընկերոջը ներկայացրել է ուկրաինական հարցի պատմությունը, ինչպես նաեւ տեղեկացրել է հատուկ գործողության ընթացքի հետ կապված իրավիճակի մասին: Ինչպես պնդում է ՉԺՀ-ի ԱԳՆ, Պուտինը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն երկար ժամանակ անտեսել են Ռուսաստանի օրինաչափ մտահոգությունները անվտանգության ոլորտում, բազմիցս խախտել են իրենց պարտավորությունները եւ շարունակել դաշինքի ընդլայնումը դեպի արեւելք: Չինական կողմը նաեւ հանդես է եկել հայտարարությամբ, որ աջակցում է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հակասությունների խաղաղ կարգավորմանը: Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի առաջնորդին առաջարկել է "նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ մարդկանց մահվանը վերջ դնելու նպատակով": Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է Դոնբասի տարածքում հատուկ գործողություն անցկացնելու մասին։ Արևմտյան երկրներն, ի պատասխան, հայտարարել են ՌԴ նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելու մասին։