Արմինֆո.Այսպես կոչված՝ խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների անուղղակի կամ, նույնիսկ, ուղղակի մասնակցությամբ մեծ պատերազմն արդեն անխուսափելի բնույթ է ստացել։ Եվ այն, թե այդ պատերազմը երբ սկսվի, իմ կարծիքով, միայն ժամանակի հարց է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Ուկրաինան, Ուկրաինայի շուրջ ներկայիս իրավիճակն այս առումով միայն այսբերգի գագաթն է։ Իմ կարծիքով, այն խնդիրների լուծումը, որոնք այսօր կանգնած են գլոբալ աշխարհաքաղաքական ուժերի առջև, այլ այլընտրանք չի թողնում, քան պատերազմի միջոցով լուծել դրանք։ Եվ քաղաքական տեղաշարժերը, որոշ դերակատարների դասավորությունների ու դիրքորոշումների փոփոխությունը վերջին ամիսներին շատ բանի մասին են խոսում։ Գլխավորն այս ամենում գիտակցելն է, որ վերպետական կառույցների, ուժի կենտրոնների, տերությունների շրջանում հասունացել են խնդիրներ, որոնց լուծումն առանց պատերազմների անհնար է", - ընդգծել մէ նա։
Այս լույսի ներքո՝ Մոսկվայի կողմից Դոնբասի անկախության ճանաչումը Սարոյանի համար սպասելի էր։ Եվ նա բոլորովին չի կարծում, որ այդ գործընթացին անպայման պետք է նախորդեր ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա։ Ընդհակառակը, երկու հանրապետությունների ճանաչմամբ ՌԴ-ը, ըստ վերլուծաբանի, իրականացրել է տվյալ տարածքում սեփական, այդ թվում, ապագա ռազմական ներկայության իրավական ապահովագրում։ Եվ ահա այժմ մարտական գործողությունների ապագա մեկնարկի հիմնավորումը, նրա գնահատմամբ, ժամանակ է պահանջում:
Ըստ Սարոյանի, հակամարտության կողմերից ոչ մեկը չի ցանկանում իր վրա վերցնել մարտական գործողություններ նախաձեռնելու մեղքը։ Ըստ այդմ, անհրաժեշտ է նախապատրաստել համապատասխան հիմք, սկսած ինքնաձիգներով փոխհրաձգություններից, որոնք հետագայում սահուն կվերաճեն հրետանային նախապատրաստության և ավելի ծանր զինատեսակների կիրառման։ Դրանից հետո արդեն անհասկանալի կլինի, թե ով է, ըստ էության, սկսել կրակել, իսկ կողմերը, ինչպես և մյուս համանման պատերազմներում, կփորձեն էսկալացիայի մեկնարկի պատասխանատվությունը դնել մեկը մյուսի վրա։
Նշելով, որ ՌԴ-ը՝ ինքը, ուժի կենտրոն է, ինչպես նաեւ՝ նրա աջակցության հարցում Չինաստանի շահագրգռվածությունը՝ ընդդեմ իր հիմնական հակառակորդ Արեւմուտքի, վերլուծաբանն ընդգծել է, որ այդ լույսի ներքո՝ հօգուտ Ուկրաինայի գլոբալ ուժային բալանսի փոփոխության մասին խոսք լինել չի կարող: Այս տեսանկյունից, մարտական գործողությունների ծավալման հեռանկարները եւ, ամենակարեւորը, այն, թե դրանք ուր կտանեն հակամարտության կողմերին, նրա կարծիքով, բավականին մշուշոտ է թվում:
"Հաշվի առնելով ներկա գլոբալ դիմակայության հիմնական դերակատարների տրամադրության տակ միջուկային զենքի առկայությունը՝ հասկանալի է, որ նրանց մասնակցությամբ լայնածավալ պատերազմը կարող է շատ վտանգավոր եւ ծանր հետեւանքներ ունենալ։ Բոլորի համար: Բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Ուկրաինայի շուրջ գործընթացները նոր են սկսվում։ Իսկ ռազմական գործողությունները դեռ առջևում են։ Ես նաև բավականին էական և մասշտաբային աշխարհաքաղաքական տեղաշարժեր եմ ակնկալում։ Եվ միանգամայն անհասկանալի է, թե արդյոք այսօր աշխարհում կան ուժեր, որոնք ի զորու են կանխել այդ տեղաշարժերը և մեծ պատերազմը՝ որպես դրանց կատալիզատոր", - ամփոփել է Սարոյանը ։