
Արմինֆո. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, որտեղ ընթանում է "Եվրանեսթ" ԽՎ նիստը, շարունակվում է ադրբեջանցի խորհրդարանականների ժամանման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները դիմել են եվրոպական կառույցներին՝ օգնելու վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին, ինչպես նաև աջակցելու Արցախից բռնի տեղահանված անձանց վերադարձին իրենց տները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատվիրակությունը՝ ադրբեջանական խորհրդարանի երկու ներկայացուցիչ եւ նրանց ուղեկցող մեկ անձ, Հայաստան է ժամանել՝ մասնակցելու փետրվարի 21-22 - ը Երեւանում ընթացող «Եվրանեսթ» ԽՎ բյուրոյի եւ կոմիտեների նիստին: Նիստերին մասնակցում են Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների եւ Եվրախորհրդարանի պատգամավորներ:
Արցախի Ազգային ժողովի "Ազատություն" խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, այսօր հանդես գալով բողոքի ակցիային, հայտարարել է, թե "Եվրոպան, որը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության բաստիոն է համարվում, Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում լռում էր, երբ մի ամբողջ ժողովուրդ էին ոչնչացնում": "Այսօր սա այն հարթակն է, նրանք պետք է բացեն իրենց աչքերն ու ականջները և օգնեն մեզ՝ գոնե վերադարձնել մեր գերիներին։ Ավելի քան մեկ տարի ավելի քան 100 հայ գերիներ, որոնց մասին լռում է Ադրբեջանը, նրանց մասին, կարծես թե, արդեն չեն խոսում նաև Հայաստանի իշխանությունները, ենթարկվում են կտտանքների և չեն վերադարձվում հայրենիք", - ասել է արցախցի պատգամավորը։
Հակոբյանն անդրադարձել է նաև Արցախից հարկադիր տեղահանվածներին, հայտարարելով, որ նրանք այսօր անօթևան են մնացել. նրանց չեն ընդունում Արցախում, իսկ Հայաստանի իշխանությունների համար նրանք դարձել են ծանր բեռ: "Նրանք իրավունք ունեն վերադառնալ իրենց տները", - հայտարարել է նա, ընդգծելով, որ"Հայաստանի իշխանությունները պատերազմի արդյունքում Արցախի մեծ մասը նվիրել են թշնամուն և շատ արագ փակել են Արցախի հարցը, իսկ այսօր հանդես են գալիս կեղծ օրակարգով":
Մասնակիցները շենքի մոտ են եկել "Hadrut is our home", "Shushi is our home", "Freedom to POW", "Shame on you"," RIP Demacracy in Armenia", "Փաստորեն խոսքի ազատությունից զրկված","Ազատություն քաղբանտարկյալներին", " Azerbaijan is guilty " և այլ պաստառներով: