Արմինֆո. Արեւմուտքի հետ ներկայիս ռազմավարական դիմակայության արդյունքները կանդրադառնան Ռուսաստանի դիրքերի վրա բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ մենք ներկա ենք՝ ներառյալ Հարավային Կովկասը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։
"Այժմ Մոսկվան փորձում է Արևմուտքի հետ բանակցություններում լուծել իր համար կարևորագույն ռազմավարական նշանակության հարցերը։ Մենք հասկանում ենք, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանի համար շատ ավելի մեծ խնդիր է։ Արևմուտքի հետ հարաբերություններում ճգնաժամն այսօր ռուսական արտաքին քաղաքականության ամենակարևոր ուղղությունն է, որը մեծ ռեսուրսներ է պահանջում։ Իսկ այդ ամենի շուրջ իրավիճակն ամեն օր փոխվում է", - նկատել է նա։
Ըստ Սկակովի, Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ շփումների աննախադեպ ակտիվացումը, գործընթացներին Եվրամիության երկրների առաջնորդների եւ առաջին դեմքերի մասնակցությունը Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերություններում ներկայիս ճգնաժամի գլոբալ բնույթի վկայությունն է: Ըստ ռուս փորձագետի, այդ ֆոնին 44-օրյա պատերազմի արդյունքում ՌԴ-ի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը մղվել է Մոսկվայի օրակարգի երկրորդ եւ երրորդ պլան: Եվ հենց 2020թ. նոյեմբերի 9-ի ու 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման գործում կտրուկ առաջխաղացում ակնկալելու հարկ չկա։
Արձանագրելով, որ ռուսական դիվանագիտությունը գլոբալ քաղաքականության բոլոր վերջին իրադարձությունների ֆոնին հայ-ադրբեջանական ուղղությամբ աշխատում է բավական փոքր տեմպերով, փորձագետն այդ լույսի ներքո առանձնացրել է ԱՄՆ-ի և մեծ Բրիտանիայի քաղաքականությունը։ Նրա գնահատմամբ՝ Անդրկովկասում Վաշինգտոնի եւ Լոնդոնի քաղաքականությունը, նախկինի պես, կրում է վառ արտահայտված, ընդ որում, համակարգված հակառուսական բնույթ:
Եվ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև ուկրաինական ուղղությամբ դիտվող հակասությունների խորացման ֆոնին՝ Սկակովը կարծում է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, գործնականում, միավորելով ջանքերը, փորձում են ուժեղացնել սեփական ներկայությունը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում՝ այնտեղից Ռուսաստանին դուրս մղելու միջոցով։ Փորձագետի գնահատմամբ՝ խոսք է գնում, ոչ ավել, ոչ պակաս, ՆԱՏՕ-ին անդրկովկասյան երկրների փաստացի անդամակցության հեռանկարի մասին։ Թեեւ, իրավաբանորեն դա անել Վաշինգտոնում եւ Լոնդոնում դեռ չեն պատրաստվում:
Սկակովը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դիրքերի ուժեղացման օգտին եւս մեկ գործոն է համարում տարածաշրջանում Թուրքիայի, նրա գնահատմամբ, կտրուկ ուժեղացումը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում: Ինչն արդեն էապես նպաստել է տարածաշրջանային ևս մեկ տերության տարածաշրջանային ազդեցության նվազմանը՝ ի դեմս Իրանի։ Ըստ ռուս փորձագետի, պասիվություն դրսեւորելով ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, Թեհրանն, արդյունքում, ստացավ իր համար բոլորովին ոչ շահավետ ուժերի տարածաշրջանային դասավորություն:
"Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող դաշինքի ամրապնդումն ուղեկցվում է Իրանի համար արդեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մոտ, այլեւ ամիջականորեն Ադրբեջանի հետ սեփական սահմանների պարագծով թուրք-ՆԱՏՕ-ական զինվորականների հայտնվելու հեռանկարով։ Եվ, իմ կարծիքով, Թեհրանի համար դա կարմիր գիծ է։ Համապատասխանաբար, այնտեղ կգնան շատ բանի՝ նման հեռանկարը բացառելու համար։ Այդ թվում՝ Բաքվի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերի, որոնք թույլ տան բացառել Թուրքիա-ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը սեփական սահմաններին", - ամփոփել է ռուսաստանցի փորձագետը։