Արմինֆո. Հայաստանի, Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաեւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հեռավար հանդիպման նման քայլերի միջոցով Փարիզը ձգտում է ընդգծել սեփական դերը Հարավային Կովկասում առկա գործընթացներում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
"Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի պարապուրդի պայմաններում Ֆրանսիան, ՌԴ-ի օրինակով, ձգտում է դառնալ ևս մեկ հարթակ Երևանի և Բաքվի միջև երկխոսության համար։ Փարիզի նման ձգտումը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է Հայաստանի շահերին։ Առաջին հերթին՝ կարգավորման հիմնական դերակատարների դիվերսիֆիկացման պատճառով: Քանի որ Հայաստանի շահերի իրացումը Մոսկվայի միանձնյա միջնորդության պայմաններում բավականին բարդ գործ է թվում", - նկատել է նա։
Մինսկի խմբի պարապուրդը Ղևոնդյանը բացատրում է Բաքվի ջանքերով, որն ամեն կերպ խոչընդոտում է այդ ձևաչափի վերականգնմանը։ Այսպիսով, Ադրբեջանը փորձում է բոլորին ներշնչել, որ համանախագահության ձևաչափն իրեն վերջնականապես սպառել է։ Ըստ քաղաքագետի՝ նման հեռանկարը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից, հետևաբար, Երևանին, ըստ նրա, անհրաժեշտ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել հակառակ ուղղությամբ:
Միևնույն ժամանակ, ըստ քաղաքագետի, Բաքուն չի կարող հրաժարվել բանակցությունների գոյություն ունեցող բոլոր ձևաչափերից, քանի որ դա արդեն ապակառուցողական տպավորություն կթողնի: Ինչով էլ պայմանավորված է նրա մասնակցությունը ֆրանսիական նախաձեռնություններին։ Ընդգծելով, որ Ալիևը քաջ գիտակցում է իրեն սպառնացող ռիսկերի աստիճանը, մասնավորապես, Մինսկի խմբի ռեինկարնացիայի, Ղևոնդյանն ընդգծել է իրավիճակը հնարավորինս մեղմելու Ալիևի ցանկությունը՝ հենց նույն Փարիզի նախաձեռնություններին մասնակցելու միջոցով։
Հարավային Կովկասում առկա գործընթացներում ԱՄՆ-ի դերն ու քաղաքականությունը քաղաքագետը բնութագրում է իր դաշնակիցներին լիազորությունների պատվիրակմամբ: Տվյալ կոնկրետ դեպքում ՝ Ֆրանսիային։ Ավելին, այդ կերպ ԱՄՆ-ը կառավարում է որոշ գործընթացներ։ Նրա գնահատմամբ՝ դրանով իսկ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը տարբերվում է իր նախորդ Դոնալդ Թրամփի մեկուսացման քաղաքականությունից։
"Հասկանալի է, որ նման ձևաչափերից կարգավորման գործում բեկում ակնկալել պետք չէ։ Իսկ նույն հարցում Ալիևի առավել զիջողականության հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն միջնորդական ջանքեր, այլև Հայաստանի սուբյեկտության մակարդակի աճ։ Առաջին հերթին: Միայն դա կարող է ստիպել Բաքվին գնալ մանր զիջումների՝ հետագայում ավելի խոշոր զիջումներից խուսափելու նպատակով։ Իսկ առկա իրավիճակում Ադրբեջանը չի համաձայնի Հայաստանի ոչ մի առաջարկի, քանզի կարծում է, որ կարող է կորզել ավելին", - եզրափակել է քաղաքագետը։